Կոռուպցիայի դեմ պայքարը այդքան հեշտ պայքար չէ. Դավիթ Հարությունյան
Ազգային ժողովի սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, խորհրդարան կներկայացվի օրենսդրական փաթեթ, որում ընդգրկված կլինեն պաշտոնյաների հայտարարգրերին, ինչպես նաև ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող նախագծեր: Այդ մասին այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Այժմ կատարվում են նաև միջազգային փորձի ուսումնասիրություններ, որի արդյունքներով պետք է պատրաստվի խորհրդարանին ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը», -տեղեկացրեց Հարությունյանը:
Ըստ կառավարության ներկայացուցչի, իրենք դրանով չեն սահմանափակվելու և փոփոխություններ են կատարվելու նաև գնումներին վերաբերող օրենսդրության մեջ:
Պատգամավորի մյուս հարցին, թե կոնկրետ պատիժներ սպասվելո՞ւ են «սահմանն անցած» պաշտոնյաներին, Հարությունյանը պատասխանեց, որ «շատ ավելի սթափ պետք է վերաբերվել կոռուպցիայի դեմ պայքարին»:
Այդ առումով, ըստ պաշտոնյայի, պետք է ստեղծել ինստիտուցիոնալ համակարգ ու երաշխիքներ:
«Խնդիրը պատժի անխուսափելիությունն է բոլորի համար: Սա ամենակարևորն է: Եվ այն գործիքներն է, որ պետք է կյանքի կոչվեն: Օրինակ՝ հայտարարագրման ինստիտուտը պետք է փոխվի. Սողանցքերը ուսումնասիրված են, և դրանք փակելով մենք երաշխավորված կլինենք, որ գոնե հիմնական դեպքերը պետք է տեսանելի լինեն հասարակության, խորհրդարանի համար: Կոռուպցիայի դեմ պայքարը այդքան հեշտ պայքար չէ: Շատ ժողովրդավար երկրներում, այնուամենայնիվ, խոսում են առկա կոռուպցիայի մասին: Մենք չենք կարող, իհարկե, հպարտանալ լուրջ արդյունքներով, բայց վստահեցնում եմ, որ մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերում այդ հարցին ու սեպտեմբերին կներկայացնենք հակակոռուպցիոն բավականին լուրջ փաթեթ», -հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան