Պետերբուրգում Դովլաթովին նվիրված փառատոն է անցկացվելու
Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովին նվիրված «День Д» փառատոնը նախատեսվում է անցկացնել նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում: Ռիա նովոստիին հայտնել են փառատոնի կազմակերպիչները:
Այս տարվա սեպտեմբերի 3-ին Դովլաթովը կդառնար 75 տարեկան: Նրա արվեստի երկրպագուները որոշել են ստեղծել կազմակերպություն և կազմակերպել փառատոն: Դովլաթովը կյանքի մեծ մասն անցկացրել է Պետերբուրգում: Այժմ ամեն տարվա սեպտեմբերի 3-ին քաղաքացիները կհիշեն գրողին՝ հավաքվելով Դովլաթովի համար հարազատ Ռուբինշտեյն փողոցում:
Փառատոնի շրջանակում նախատեսվում է լուսանկարների ցուցահանդես, գրողի մասին ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, համերգներ, գիտաժողով: Փառատոնի վերջում նախատեսում են բացել գրողի ժամանակավոր հուշարձան:
Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում: Նրա հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում: 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990թ.-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում: