Մատենադարանի արխիվային ֆոնդերի ուսումնասիրման ընթացքում ի հայտ են եկել 16-17-րդ դդ. պարսկերեն մեծարժեք վավերագրեր
Մատենադարանի ֆոնդերը նախորդ տարվա ընթացքում հարստացել են ոչ միայն նոր ձեռքբերումների, բարեգործությունների ու նվիրատվությունների, այլև ֆոնդերի վերանայման, գիտական մշակման և վերահաշվարկի արդյունքում։ Նոր ձեռագրական ձեռքբերումները Մատենադարանում 2015թ. կազմել են 116 միավոր՝ հիմնականում Թորոս Ազատյանի ֆոնդի մնացած մասը Գիտության և Արվեստի թանգարանից Մատենադարան տեղափոխելու շնորհիվ, որով ամբողջացավ այս մեծարժեք հավաքածուն։ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստում ներկայացնելով 2015 թ. կատարված աշխատանքները՝ ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից:
2007 թ. Մատենադարանի ձեռագրական հավաքածուում նշվում էր 17.250 ձեռագիր, այն այժմ կազմում է 22.550 ձեռագիր։
Ներկայացված զեկույցի համաձայն, ֆոնդերի վերանայումն ու նորովի վերամշակումը շարունակվում է նաև Արխիվային բաժնում: Արխիվային ֆոնդերի գիտական մշակման և ուսումնասիրման ընթացքում ի հայտ են եկել 16-17-րդ դարերի պարսկերեն 755 մեծարժեք վավերագրեր, որոնք այժմ նկարագրում և ուսումնասիրում է Մատենադարանի աշխատակից Քրիստինե Կոստիկյանը։ Դրանք շահական հրամանագրեր, կալվածագրեր, պարտամուրհակներ, նամակագրության նմուշներ են, որոնց հիմնական մասը վերաբերում է Նախիջևանի և Երևանի նահանգի պատմությանը։ Դրանց մեջ առկա են նաև արաբերեն և օսմաներեն վավերագրեր։ Վերականգնումից և ուսումնասիրությունից հետո, իբրև կարևոր սկզբնաղբյուրներ, դրանք կդրվեն գիտական շրջանառության մեջ։
Ֆոնդային մեծ ձեռքբերումներից են նաև պարսկահայ աշխարհահռչակ արվեստագետներ հայր և որդի Սևրուգյանների ստեղծագործութունների նվիրատվությունը Մատենադարանին՝ նրանց թոռան և որդու՝ Էմանուել Սևրուգյանի կողմից։
Մոտ 600 միավորով հարստացել է նաև Մատենադարանի գրադարանային ֆոնդը, իսկ արխիվային ֆոնդերն հարստացել են մոտ 42.000 միավորով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում