Սաֆարյան. Ապրիլյան պատերազմը կոտրեց մեզ մատուցված միֆերը
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իշխանությունները սպասում էին պատերազմի, բայց հարձակման մասին չգիտեին: Պատերազմը ցույց տվեց, որ իշխանությունը չէր գիտակցում, որ այդ նույն պատերազմի արդյունքում կարող ենք ունենալ վտանգավոր կորուստներ, այդ թվում՝ տարածքային, դիրքային, որոնք կարող են սպառնալ իրենց աթոռին»:
«Մեդիա կենտրոն»-ի և Մարտունու Կանանց Համայնքային խորհրդի հետ համատեղ կազմակերպած «Ներքաղաքական զարգացումները քառօրյա պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ նման հայտարարութուն արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Շարունակելով թվարկել պատերազմի հետևանքով ի հայտ եկած բացերը, փորձագետն ընդգծեց՝ ունենք բանակ, որտեղ հերոսանում են բացառապես աղքատ ընտանիքների տղաները, և չգիտես ինչու հարուստ ընտանիքների երեխաների անուններ չկան հերոսների ցանկում:
«Կարծում եմ, մենք ավելի շատ հասկացանք, որ չի կարող մի համակարգում լինել գողություն, բայց գողերն այնքան սրբություն ու արժեքներ ունենան, որ չգողանան զինվորից ու բանակից: Տեսանք, որ այն ճոխ ծախսերը, որով իշխանությունը ստեղծել էր դեկորացիաներ, ուղղակի պարտավոր էր անել այլ տեղերում»,-ասաց Սաֆարյանը:
Փորձագետը շեշտեց, որ ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողքին չէ. «Մենք տեսանք, որ մենակ ենք: Հայաստանի ռազմավարական միակ ու իրական դաշնակիցը մեր բանակն է ու մեր զինվորը, մենք պետք է մեր խնդիրը լուծենք: Սրանք բոլորը նախկինում մեզ մատուցված միֆեր էին, որոնք ջարդեց ապրիլյան պատերազմը և ստիպեց վերափոխել և պետության, և կառավարման մոդելը, և հասարակության վարքը»:
Սաֆարյանի խոսքով՝ անհրաժետ է վերանայել ամեն ինչ, քանի որ չափազանց տեսանելի նշաններ կան, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ առնվազն փորձելու է ոտնձգություն անել:
«Ցավով պետք է արձանագրել և ամենևին՝ ոչ վախեցնելու նպատակով. նոր պատերազմի վտանգը շատ տեսանելի է»,-ասաց նա:
Ստեղծված իրավիճակում քաղաքագետը չի հասկանում, թե ինչու են կառավարության անդամներն անընդհատ հայտարարում կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Ես չգիտեմ, ինչի համար է պետք հայտարարել, որ անում եմ այսինչ բանը, երբ դա կարելի է անել, հետո հասարակությանը ասել, ես դա արեցի: Այն, ինչ որ արվել է, նվազագույնն է, անհրաժեշտ է, բայց չի կարող համարժեք լինել նոր պատերազմին դիմակայելու մարտահրավերին: Այս առումով ես շարունակում եմ անհամաչափ համարել կառավարության հայտարարությունները Հայաստանի առաջ կանգնած ներքին և արտաքին մարտահրավերների սրությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին