Վրաստանում մեկնարկել է պատմության մեջ ամենաերկար նախընտրական քարոզարշավը
Այսօր Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, համաձայն որի, յուրաքանչյուր կուսակցություն ունի քարոզչություն իրականացնելու իրավունք, ինչպես, օրինակ, պաստառների, ցուցատախտակների տեղադրում,-գրում է «Ջավախք Ինֆո» տեղեկատվական հարթակը:
Հեռուստատեսությամբ նրանց տրվելու է քաղաքական գովազդի անվճար եթերաժամ:
Ըստ Վրաստանի Ընտրական օրենսգրքի, նախընտրական քարոզարշավի մեկնարկով ուժի մեջ է մտնում վարչական ռեսուրսի օգտագործման սահմանափակումը. բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող մասնակցել կուսակցությունների քարոզարշավներին:
Նախընտրական քարոզարշավի կարգի մեկնարկը արդեն հրապարակվել է նախագահի աշխատակազմի կայքում:
Վրաստանի խորհրդարանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները կկայանա հոկտեմբերի 8-ին:
Ըստ նախնական տվյալների, օրենսդիր մարմնի տեղերի համար կպայքարեն ավելի քան 30 կուսակցություններ: Կուսակցությունների գրանցումը տեղի կունենա մինչև օգոստոսի 1-ը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընտրությունը հոկտեմբերի 8-ին նշանակելու հրամանագիրը ստորագրել է հունիսի 3-ին: Հունիսի 8-ին հրամանագիրը ստորագրել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրացական լրատվամիջոցները նշում են, որ Վրաստանի պատմության մեջ սա կլինի նախընտրական ամենաերկար քարոզարշավը:
Ըստ Վրաստանի Սահմանադրության, նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի ընտրություններից ավելի քան 60 օր առաջ: Սկզբում նախագահն առաջարկել է քարոզարշավը սկսել մայիսին, սակայն, կառավարության հետ քննարկումներից հետո, որոշում կայացվեց, գումար խնայելու նպատակով, քարոզարշավի տևողությունը հասցնել չորս ամսի և սկսել հունիսի 8-ից: