Երբ ես ֆիլմի երաժշտություն եմ գրում, ուրիշ մարդ եմ, երբ իմ երաժշտությունն եմ արարում, բոլորովին այլ մարդ եմ. Տիգրան Մանսուրյան
«Մեծ հաճույքով ձեր տեղը կնստեի և կլսեի մեկ ուրիշ Տիգրան Մանսուրյանի»,- այսպես է սկսել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը իր հանդիպումը երիտասարդների հետ։
Կոմպոզիտորեը հանդիպել էր մշակութային բուհերի ուսանողներին «Բար Կարոլա» ակումբում կազմակերպվող հերթական հանդիպման շրջանակում: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովը։ Այս մասին հայտնում են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությոան լրատվական ծառայությունից:
Մանկությունը հիշելիս մաեստրոն նկատել է, որ անասելի սեր է ունեցել գրքի նկատմամբ։ Բազմաթիվ անգամներ վերընթերցել է ձեռքն ընկած ցանկացած թերթի կտոր, գիրք՝ դրանց էջերը պատռվելու աստիճան։ Կոմպոզիտորը խոստովանում է, որ դեռ մանկուց իր մոտ ստեղծագործելու մշտական ցանկություն է եղել, և գեղեցիկի արտահայտման առաջին փորձերը, քանի դեռ երաժշտության մասին պատկերացում չուներ, եղել են բանաստեղծության միջոցով։ Երկրորդ դասարանից բանաստեղծություններ է գրել մինչև 30 տարեկանը։ Անասելի սիրում է հայոց լեզուն, հայկական պոեզիան։
Տիգրան Մանսուրյանը պատմել է երաժշտության, դաշնամուրի հետ իր առաջին հանդիպման մասին։ Պարզվում է, որ ուսուցիչ չի ունեցել։ Նոտաները, սոլֆեջո սովորել է ինքնուրույն։
Այս օրերին մաեստրոն մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում է կինոռեժիսոր Անդրեյ Կանչալովսկու կյանքը, գործերը։ Հավաքել է նրա մասին պատմող ամեն ինչ՝ ֆիլմեր, գրքեր, հարցազրույցներ, և արդեն երրորդ ամիսն է, ծանոթանում է Կանչալովսի մարդուն, նրա փիլիսոփայությանը և նրա կյանքի ամեն մի էջում հայտնաբերում իր համար ուսանելի բաներ։ «Եվ մինչև չքամեմ, հանգիստ չեմ թողնի նրան»,- ասե է կոմպոզիտորը։
Մանսուրյանն առաջին կինոերաժշտությունը գրել և կինոաշխարհում հայտնվել է 1964-ին։
«Երբ ես ֆիլմի երաժշտություն եմ գրում, ուրիշ մարդ եմ, երբ իմ երաժշտությունն եմ արարում, բոլորովին այլ մարդ եմ, ուրիշ հոգսեր, խնդիրներ ունեմ։ Եվ ամեն անգամ ֆիլմի համար մեղեդի գրելու համար քո ամբողջ հոգեբանությունը, գոյության ռելսերը պետք է փոխես, պետք է դառնաս ֆիլմերի կոմպոզիտոր։ Բայց երբ վերջացնում ես, պետք է վերադառնաս քո հուն, վերգտնես ինքդ քեզ։ Այդ անցումը մեկը մյուսին ինձ շատ էր չարչարում։ Եվ ես հրաժարվեցի կինոերաժշտությունից՝ այդ չարչարանքից ազատվելու համար»,- խոստովանել է Տիգրան Մանսուրյանը։
Երիտասարդների հարցին՝ արդյո՞ք մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, Մանսուրյանը պատասխանել է, որ ցանկացած մարդ, անկախ նրանից մշակութային գործիչ է, թե ոչ, պետք է տեղյակ լինի իր երկրի հասարակական-քաղաքական կյանքին, սակայն տեսակետ հայտնելու համար պետք է համակողմանի նայես երևույթներին, ամբողջովին տիրապետես իրավիճակին։
Նա նաև նշել է, որ արվեստի ամբողջ էությունը դիմադրելն է, գոյությունը շարունակելը։
Կոմպոզիտորը երիտասարդներին խորհուրդ է տվել. «Պահպանել մեր արժեքները, փոխանցել դրանք սերունդներին, չդավաճանել ինքներս մեզ, իհարկե նաև ճանաչել ամբողջ աշխարհը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան