ՀԲ-ն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար աճի հեռանկարներ է կանխատեսում
Վերջին հինգ տարիներին հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, և դրանով իսկ ոլորտը եղել է արտահանումների ու արտարժութային հոսքերի գծով առաջատարը: Հանքարդյունաբերական ընկերությունները նաև զգալի թվով աշխատատեղեր են ապահովում, հատկապես գյուղական բնակավայրերում: 2014թ.-ին մետաղի արդյունահանման ոլորտում աշխատողների թիվը ավելի քան 7.000 էր: Դա երկրի արդյունաբերական ոլորտում ընդհանուր աշխատատեղերի 10 տոկոսն է կազմում: Այսօր Երևանում «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում -Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ նման տվյալներ են հրապարակել ՀԲ ներկայացուցիչները:
Բանկի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, իրականացված նոր ուսումնասիրությունը ներկայացնում է տնտեսական աճի հեռանկարները պայմանավորված այս ոլորտով և առաջ է քաշում հանքարդյունաբերության ազգային քաղաքականության անհրաժեշտությունը՝ կայուն զարգացման հարցում ոլորտի ներդրումն առավելագույնի հասցնելու նպատակով:
ՀՀ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին` իրականացնելու հանքարդյունաբերության հետ կապված հիմնական սոցիալական ու բնապահպանական մարտահրավերների և ապագա հնարավորությունների գնահատում: Ըստ աղբյուրի, գնահատումը կօգնի ընդերքի մասին ռազմավարության ձևավորմանը, որտեղ կարտացոլվի լավագույն միջազգային փորձը:
«Այս գնահատումը կարող է որպես գործիք ծառայել երկրի կայուն զարգացման հարցում հաստատուն ներդրում ունեցող պատասխանատու, թափանցիկ հանքարդյունաբերություն ձևավորելու ճանապարհային քարտեզ մշակելու համար», -ասել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար, Դավիթ Հարությունյանը:
Կառավարությանը առաջարկվում է ձեռնամուխ լինել հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման աշխատանքներին, որպեսզի ապահովվի ոլորտի հստակ կարգավորումը: Քաղաքականությունը պետք է նաև շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնության կայացման հնարավորություն ապահովի, քանի որ դա խիստ կարևորվում է ինքնաբավ, թափանցիկ ու հաջող արդյունաբերության խթանման հարցում:
Առաջարկվում են մի շարք ախտորոշիչ ուսումնասիրություններ, որոնք հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման ելակետը կհանդիսանան: Այս ուսումնասիրությունները կդիտարկեն սոցիալական և բնապահպանական իրավիճակը. երկրաբանական և տեխնիկական ռիսկերը. տեխնիկայի կարիքները. առողջապահական ու անվտանգության նորմերը և տնտեսական պայմանները, ինչպես նաև կվերհանեն այն քայլերն ու միջոցները (տեխնիկական, ֆինանսական, կադրային), որ անհրաժեշտ են քաղաքականության փաստաթուղթը մշակելու համար:
«Հայաստանի հանքարդյունաբերությունը կարող է իր ներդրումն ունենալ կայուն զարգացման հարցում: Դրա համար ոլորտը պետք է առաջ շարժվի բնապահպանական ու սոցիալական տեսանկյունից պատասխանատու մոտեցմամբ և օգուտները պետք է արդարացի կերպով բաշխվեն», - ասել է Համաշխարհային բանկի Հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը:
Զեկույցը նաև առաջարկում է ոլորտի կառավարման ամրապնդում՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) միջոցով: Հայաստանը ներկայումս նախապատրաստում է իր թեկնածության դիմումը՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացման համար, որի ներքո կպահանջվի հրապարակել տեղեկություններ երկրի արդյունահանող ճյուղերի ունեցած եկամուտների վերաբերյալ և կընթանա եռակողմ քննարկում կառավարության, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության միջև՝ թափանցիկությունն առավել խորացնելու նպատակով:
«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավման մոտեցումը գերազանց հիմք կհանդիսանա հանքարդյունաբերության առաջարկվող ազգային քաղաքականության շուրջ փոխհամաձայնության ձևավորման համար», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:
Գնահատումը պատրաստվել է փորձագետների կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Սուիդիշ Ջիոլոջիքել Էյ-Բի, Էս-Էլ-Ար Քոնսալթինգ, Ավագ Սոլյուշենս ընկերությունները, ՀԱՀ-ի Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը և ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը: