Ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ առկա է կայունություն ու տնտեսական շահ. Սերժ Սարգսյան
«Հուսով եմ, որ հայ-չեխական համաժողովը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև չեխ գործարարների կողմից Հայաստանի` որպես հնարավորությունների երկրի բացահայտմանը»,- այս մասին այսօր Երևանում անցկացվող Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստան է այցելել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը: Այցի շրջանակներում կազմակերպվել է հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցում են ութ տասնյակից ավելի հայկական և երկու տասնյակից ավելի չեխական ընկերություններ:
Նախագահի խոսքերով՝ այսօր Հայաստանում գործում են չեխական կապիտալով 20 ընկերություններ և Հայաստանն իրենց համար հասցրել են բացահայտել մի շարք չեխական ընկերություններ:
«Գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ առկա է երկու կարևոր գործոն` կայունություն ու տնտեսական շահ: Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում այս առումով ստեղծված են բոլոր նախադրյալները: Հայաստանի անկախությունից ի վեր մակրոտնտեսական կայությունը մշտապես եղել է մեր գերակա ուղղությունը և, շնորհիվ խելամիտ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, ներկայումս ունենք կայուն մակրոտնտեսական միջավայր»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ գլոբալիզացիայի ներկա դարում համաշխարհային տնտեսական ճգնաժամը, արտաքին բացասական տնտեսական ազդակները իրենց ազդեցությունն են ունենում բոլոր երկրների և, առաջին հերթին՝ փոքր տնտեսությունների վրա, ինչպիսին Հայաստանինն է:
«Այդուհանդերձ, նաև այս պայմաններում 2015թ-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, այն դեպքում, երբ տարածաշրջանի երկրներից շատերը համատարած տնտեսական անկում են գրանցել»,- նշեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը անբավարար է համարում տնտեսական աճի նման ցուցանիշը, ուստի պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի այդ 3 տոկոսը գոնե եռապատկվի: