ՀՀ Նախագահ. Չեխիայի նախագահին տեղեկացրել եմ համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին
«Մենք շատ բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Եվրոպական միության ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը»,- ՀՀ նախագահական նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ երկուստեք կարևորել են Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ 1994 և 1995 թվականների զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական:
«Այս քայլերի անշեղ իրակագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշեց, որ տեղեկացրել է Չեխիայի նախագահին Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին:
«Ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի` Չեխիայի Հանրապետության հնարավորությունները»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան