Արամ Աթեշյանի արարքը աննախադեպ խայտառակություն էր, անբարո արարք. Նաիրա Զոհրաբյան
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արարքը, երբ նա նամակ էր հղել Թուրքիայի նախագահին, աննախադեպ խայտառակություն է Հայոց պատմության մեջ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Արամ Աթեշյանի նամակը խայտառակ, անբարո նամակ էր ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որի նախադեպը Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել», -հայտարարեց Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ իրեն դիմել են Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և նկատեց, որ ակնկալում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարձագանքի այդ քայլին:
«Ակնկալում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական կանոնակարգերով, իրեն վերապահված լիազորություններով այդ թվում՝ ինչու չէ եկեղեցական ընդհանուր ժողով հրավիրելով դնի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: Սա համայն հայության խնդիրը պետք է լինի, որովհետև նման անբարո, աննախադեպ, խայտառակ նամակ, որը հղել է արքեպիսկոպոսը Թուրքիայի նախագահին, չի եղել: Դա բոլորի ամոթն է: դրանից պետք է անել շատ արագ հետևություններ», -հայտարարեց Զոհրաբյանը՝ ներողություն հայտնելով ԱԺ նախագահությունից ԱԺ կանոնակարգով քննարկվող թեմայից շեղվելու համար:
Հիշեցնենք՝ Աթեշյանը օրերս Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո ափսոսանքով լի նամակ էր հղել Էրդողանին: «Հարգելի՛ պարոն նախագահ, առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակաշրջանում կատարված դեպքերի վերաբերյալ Բունդեսթագի կայացրած որոշումը առաջ է բերել մեր ափսոսանքը: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք հայտնում ենք Ձեզ մեր ափսոսանքը՝ ի նշան մեր անկեղծ զգացմունքների արտահայտության: Անընդունելի է, որ խորհրադարանը, որը ձեւավորվել է գերմանացի քաղաքացիների քվեների միջոցով եւ պարտավոր է ընդունել իր ժողովրդի խաղաղության, բարգավաճմանն ու անվտանգությանն ուղղված օրենքներ, կարծիք է արտահայտում, անկախ այն հանգամանքից, որ այն չունի դրա իրավունքը: Անընդունելի է, որ այդ խորհրդարանն օրինականացնում է այս որոշումը ամբողջ գերմանացի ժողովրդի անունից եւ իրեն դատավորի դեր վերագրում»,- ասել էր Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդը իր նամակում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան