Հայկական կողմն ակնկալում է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. ԱԺ նախագահ
«Վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական հարաբերություններում, և այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ծանոթ է չեխական «Պառլամենտի լիստի» պարբերականին տված Միլոշ Զեմանի հարցազրույցին, որտեղ նա նշել է, որ ցանկանում է կոչ անել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, ինչը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար՝ առաջին հերթին թույլ չտալու նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը: Մեզ համար չափազանց կարևոր է պաշտոնական Չեխիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, և մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեր նախաձեռնության համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն էլ գոհունակությամբ փաստել է, որ չեխ-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Միլոշ Զեմանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում անցնել խորհրդարանական կառավարման և հույս է հայտնել, որ այդ փոփոխությունները Հայաստանին հաջողություն կբերեն: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները, այդ թվում՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ անելիքները դեռևս շատ են, մասնավորապես պետք է ընդունվեն մի քանի հարյուրի հասնող օրենքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան