Խանումյանի ծեծը խուլիգանական արարք է. ԱԺ նախագահ
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ կատարվածը խուլիգանություն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, որ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավորին ծեծելու հարցում քաղաքական ենթատեքստ չկա. «Ի՞նչ է, քաղաքական դրդմամբ բռնում մարդուն ծեծում են, որ ինքը քաղաքական մտածողությո՞ւն ունի»:
Լրագրողը նկատեց, թե ԼՂՀ նախագահի խոսանկ Դավիթ Բաբայանը կոշտ արտահայտվեց Խանումյանի հետ կատարված միջադեպի մասին, մինչդեռ ԼՂՀ նախագահը կոռեկտ հայտարարություն արեց և հետաքրքրվեց, թե արդյոք չպե՞տք է Բաբայանը հրաժարական տա, ինչին Սահակյանը պատասխանեց. «Ղարաբաղը պետք է լուծի իր խնդիրները, այնպես չէ, որ մենք այստեղ մի բան մտածենք ու Ղարաբաղը դա կարողանա անել: Ընդամենը ասում եմ՝ դա խուլիգանական արարք է»:
Հիշեցնենք՝ Հայկ Խանումյանի նկատմամբ ծեծը տեղի էր ունեցել հունիսի 6-ին: Ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը»:
Խանումյանը իրեն ծեծելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը.
«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանն արձագանքել է Սամվել Բաբայանին. «Ժամանակ
- ԼՂՀ ԱԺ պատգամավորի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս. Բակո Սահակյան
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան