Գնաճը Հայաստանում որևէ կերպ չի խաթարում կենսաթոշակառուների սպառումը. Վաչե Գաբրիելյան
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ Հայաստանում եղել է 2.1 տոկոս գնանկում: Այդ մասին այսօր խորհդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին:
Պատգամավորը փորձում էր կառավարությունից հասկանալ՝ եթե այս տարի չեն բարձրացնելու կենսաթոշակները, ապա ի՞նչ է անելու գործադիրը, որպեսզի մեղմանա թոշակառուների կյանքը:
«Եթե ուշադրություն ենք դարձնում դինամիկան, մենք ամռան ամիսներին ունենալու ենք ցածր գնաճ և, առկա բոլոր կանխատեսումների համաձայն՝ տարվա արդյունքով տարվա վերջի նկատմամբ կունենանք զրոյական գնաճ»,- հավելեց Գաբրիելյանը:
Վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին, թարմ տվյալները, փոխվարչապետը տեղեկացրեց, որ սպառման ապրանքների գծով 3.9 տոկոս գնանկում է եղել, պարենային ապրանքների գծով՝ 4.5 տոկոս, ոգելից խմիչք, ծխախոտ՝ 0.5 տոկոս գնանկում, ոչ պարենային ապրանքների գծով՝ 3.5 տոկոս գնանկում: Գնաճ, ըստ կառավարության պաշտոնյայի, գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ 2.2 տոկոս, և «դա ցածր թիվ է»:
«Եթե կարողանանք կենսամակարդակի վերաբերյալ գների ազդեցության մասին խոսել, կարող ենք ասել, որ գնաճային ֆոնը Հայաստանում 2016 թվականին որևէ կերպ չի խաթարում հատկապես կենսաթոշակառուների սպառմանը», -հավելեց Գաբրիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան