Չեխիայի նախագահը Հայատանի առաջարկում է ավանդական ապրանքներ՝ գարեջուր, ապակի և «Շկոդա» ամենագնացներ
Հայաստանի և Չեխիայի առևտրաշրջանառությունը խիստ ցածր է, տեսանելի դրական միտում էլ չունի։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի ժամանակ ասաց Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը` հավելելով, որ այդ ցուցանիշները բարելավելու համար իր հետ Հայաստան է բերել հաջողակ չեխ գործարարների:
Նշենք, որ Չեխիայի Հանրապետության նախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովին մասնակցում են երկու տասնյակից ավելի չեխական և ութ տասնյակից ավելի հայկական ընկերություններ:
«Ինչո՞ւ է ցածր առևտրաշրջանառությունը, ի՞նչ կարող ենք մենք առաջարկել. մի կողմից ավանդական ապրանքներ՝ գերազանց չեխական գարեջուր, ապակի և «Շկոդա» ամենագնացներ, որոնք լավագույնն են։ Ես փորձում եմ ապրանքները ներդրումներից առանձնացնել: Ես մի կարգախոս եմ սիրում՝ հաճելի է խնձոր սպառելը, բայց շատ ավելի լավ է խնձորի ծառ տնկել: Մեր ներդրումը նման է խորը արմատներով ծառի, որը բարեկամության արմատներ պետք է գցի փոխշահավետ ռազմավարության հիմքի վրա, և որը չի կարող պատահական ընտրություններով ընդհատվել: Պետք է տնտեսական համագործակցության երկարաժամկետ համագործակցություն»,- նշեց Չեխիայի նախագահը:
Ինչ վերաբերում է համագործակցության նոր ոլորտներին, Միլոշ Զեմանը մատնանշեց էներգետիկայի ոլորտը` միջուկային, ջերմային, վերականգնվող, նանոտեխոնլոգիաներն ու կենսատեխնոլոգիաները: Մելոշ Զեմանն անդրադարձավ նաև արտահանման բանկերի դժգոհություններին՝ նշելով, որ գործընկների շրջանում վստահություն չկա, սա վերաբերում է բոլոր երկրներին:
«Պետք է քննարկել նախքան պայմանագրի կազմումը և հասկանալ, որքան վստահելի գործընկեր ես գտել: Շնորհակալ եմ նախագահ Սարգսյանից, ով խոստացավ լուծել այն խնդիրները, որոնք կան «Միկա ցեմենտի» հետ կապված»,-ասաց նա:
Վերջում Չեխիայի նախագահը մեջբերեց հաջողակ ձեռներեցի խոսքը. «Մի ասա անհնար է, ասա ինձ համար է անհնար…։ Ես հավատացած եմ, որ հնարավոր կլինի ձեզ համար»: