Բերբերյան. Կարտոֆիլի շուկան հայ արտադրողին է
2016-ին Հայաստան ներկրված պարենային կարտոֆիլի ծավալները 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են:
ԳՆ Սննդամթերքի անվտագության պաշտպանության պետական ծառայության՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2015-ի հունվարի 1-ից մայիսի 31-ը Ավստրալիայից և Իրանից Հայաստան է բերվել 20 տոննա 200 կգ կարտոֆիլ: 2016-ին պարենային կարտոֆիլ բերվել է ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից ու Վրաստանից, ընդհանուր առմամբ՝ 3 հազար 392 տոննա:
Ներկրված սերմացուի վերաբերյալ էլ է տվյալներ տրամադրել ՍԱՊԾ-ն: Այսպես 2015-ի առաջին հինգ ամիսներին Նիդեռլանդներից, Վրաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Դանիայից, Լյուքսեմբուրգից, Շոտլանդիայից ներկրվել է 5 հազար 338 տոննա սերմացու կարտոֆիլ: 2016-ին Նիդեռլանդներից, Ավստրիայից, Բելգիայից, Բելառուսից, Գերմանիայից, Դանիայից, Իսպանիայից, Շոտլանդիայից ընդհանուր առմամբ ներկրվել է 3 հազար 174 տոննա սերմացու կարտոֆիլ: Սերմացուի ներկրման ծավալները նվազել են:
Հաշվի առնելով, որ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ գրեթե ամեն հանդիպմանը հայտարարում է «քանի Բերբերյանը կա, Հայաստանը կարտոֆիլ չի ներկրելու»,- Panorama.am-ը մեկնաբանություն խնդրեց պարենային կարտոֆիլի ներկրման ծավալների ավելացման վերաբերյալ:
«Էլի եմ ասում, քանի ես կամ Հայաստանը կարտոֆիլի ներմուծման կարիք չի ունենա»,- ասաց նա:
Հրաչ Բերբերյանը կարտոֆիլի ներկրման ծավալների ավելացումը բացատրում է հանգամանքով, որ հայաստանցի գյուղատնտեսների ցանած վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եղանակի պատճառով 10 օր ուշացել է:
«Մյուս պատճառն այն է, որ նախորդ տարի մենք ունեցանք երաշտ, այն մեծ վնաս տվեց: Մինչդեռ մեր որոշ ընկերներ, պետական գործիչներ չէին ընդունում, որ բերքի 20 տոկոսը վնասվեց: Դա ապացուցվեց, քանի որ ռեկորդային բերքը, որ սպասում էինք նախորդ տարի, երաշտի պատճառով չեղավ, ինչի հետևանքով կարտոֆիլի պակաս եղավ»,-ասաց միավորման նախագահը:
Բերբերյանը համարում է, որ ներմուծման ծավալները մտահոգիչ չեն:
«Դա կաթիլ է ծովի մեջ, որ չի կարող ազդել մեր արտադրության վրա: Եթե նայեք վիճակագրությունը, ամեն տարի 2-3 հազար տոննա սերմացու կարտոֆիլ է մտնում Հայաստան: Յուրաքանչյուր ամիս Հայաստանում սպառվում է 25 հազար տոննա պարենային կարտոֆիլ: Միաժամանակ մենք կարիք ունենք 100-125 հազար տոննա տնկանյութի»,-ասաց նա:
Բերբերյանին զարմացրել է Ռուսաստանից պարենային կարտոֆիլի ներմուծումը: ՍԱՊԾ տրամադրած տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 հազար 172 տոննա պարենային կարտոֆիլ:
«Դրա մի մասը հետագայում օգտագործվել է որպես սերմացու: Խոշորները ծախել են, մանրները ցանել: Ընդ որում վարակված է եղել: ՍԱՊԾ-ն պետք է բացատրի, թե դա ինչպես է տեղի ունեցել»,-մտահոգություն հայտնեց Բերբերյանը:
Panorama.am-ի զրուցակիցը բացառեց, որ հետագա ամիսներին պարենային կարտոֆիլի ներմուծումը կշարունակվի: Ֆերմերներն բերքահավաքն արել են, տեղական կարտոֆիլն արդեն շուկայում է:
«Վաղահաս կարտոֆիլի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են 30 տոկոսով: Դրա արդյունքում նախատեսվում է բերքի նույն չափով ավելացում: Դեռ չի արտահանվել, բայց շուտով կսկսենք արտահանել»,-ասաց նա, ավելացնելով, որ շուկայում վաճառվող կարտոֆիլի գինն ընդունելի է ֆերմերների համար:
Բերբերյանի խոսքով, կարտոֆիլի ներկրումը դրական է ազդել գնագոյացման վրա:
«Դա բերում է նրան, որ մոնոպոլ վիճակ չի ստեղծվում, ապահովվում է մրցակցությունը: Ես կողմ եմ, որ մեր ազգաբնակչությունը մատչելի գներով կարտոֆիլ ձեռք բերի: Կարտոֆիլի շուկան հայ արտադրողին է, չեն կարող մեր ձեռքից խլել: Շատերը փորձում են տեղ գտնել շուկայում, բայց սա հայ ֆերմերին է՝ արտահանման միտումով: Այնպես որ ամեն ինչ անելու ենք, որ մենք մեր խոսքի տերը լինենք»,-ասաց միավորման նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան