Հայաստանի և Չեխիայի տնտեսական փոխհարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն. Գարեգին Մելքոնյան
Հայաստանի և Չեխիայի տնտեսական փոխհարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն: Այս մասին այսօր Հայաստան-Չեխիա գործարար համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նշենք, որ Չեխիայի Հանրապետության նախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովին մասնակցում են երկու տասնյակից ավելի չեխական և ութ տասնյակից ավելի հայկական ընկերություններ:
Գարեգին Մելքոնյանը հայտնեց, որ սա այս տարվա ընթացքում համատեղ ջանքերով կազմակերպված թվով երրորդ գործարար համաժողովն է:
«Մենք երկուստեք կարևորում ենք նման միջոցառումների շարունակական անցկացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերի ամրապնդմանը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ երկու երկրների նախագահների կողմից նույնպես կա համատեղ ծրագրեր իրականացնելու դիրքորոշում:
Գարեգին Մելքոնյանը նշեց, որ հայ-չեխական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի շրջանակներում քննարկվել են հարցեր` կապված առևտրատնտեսական և ներդրումային, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խնդիրների, հնարավորությունների և հեռանկարների հետ, արդեն կան մի քանի որոշումներ, որոնք, ըստ նրա, կբերեն արդեն կոնկրետ ծրագրերի իրականացմանը:
«Մասնավորապես, կան առևտրի տներ հիմնելու, համատեղ մի քանի արդյունաբերական արտադրություն իրականացնելու որոշումներ»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:
Ընդհանուր առմամբ՝ մասնավոր, տնտեսական, առևտրային և ներդրումային առումով հայ-չեխական երկխոսությունն ակտիվացել է, քանի որ, ըստ նրա, կա երկուստեք փոխշահավետ ծրագրեր իրականացնելու հետաքրքրություն: Մասնավորապես, չեխ գործարարներին հետաքրքրում է Հայաստանի մուտքը ԵՏՄ շուկա, Իրանի անմիջական հարևանությունը, Հայաստանի ներսում օրենսդրական ազատական կարգավորումները:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությանը, 2015թ-ին այն կազմել է շուրջ 22 մլն դոլար։
«Ունենք որոշակի աճ, բայց վստահաբար կարող ենք ասել, որ ավելին կարող ենք ունենալ: Իսկ դրան հասնելու համար պետք է ստեղծված հնարավորությունների մասին տեղեկացնել երկու երկրների գործարարներին»,- նշեց Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ ներկայումս երկու տասնյակից ավելի չեխական ընկերություններ գործունեություն են ծավալում Հայաստանում, սակայն վստահ են, որ հայ-չեխական գործարար համաժողովն էլ ավելի կմոտեցնի երկու երկրների մասնավոր հատվածին և հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել:
Ի դեպ՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չեխական ավիաուղիները դուրս եկան Հայաստանից. Գարեգին Մելքոնյանը նշեց, որ այդ հարցը և միջկառավարական հանձնաժողովների, և պետական շփումների ժամանակ քննարկվել է:
«Ամեն դեպքում մեր կողմից ամբողջական պատրաստակամությունը կա, և առաջին հերթին դա վերաբերում է չեխական ավիաընկերությունների բիզնես գործընթացների հաշվարկմանը: Մենք հույս ունենք, որ մի օր կտեսնենք, որ չեխական ավիաուղիները վերականգնել են թռիչքները դեպի Հայաստան»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան