Պետք է խոսենք ոչ թե մտահոգությունների, այլ լուրջ ձեռքբերումների մասին. Շարմազանովը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին
«Նրանք, որոնք դժգոհում են կամ քննադատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագիրը, նրանց մեծ մասը ծանոթ չէ համաձայնագրի տեքստին, չի ընթերցել այն և տալիս են իրականության հետ կապ չունեցող գնահատականներ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դժվար չէ գրագետ մարդը կարդա համաձայնագրի տեքստը և նրա մոտ մտավախություն առաջանա, որ ՀՀ-ն իր ինքնիշխանության մի մասը կամ հակաօդային պաշտպանությունը տալիս է թեկուզ դաշնակից երկրի կառավարմանը»,- նշեց նա:
Էդուարդ Շարմազանովը ներկայացնելով փաստեր՝ ընդգծեց, որ առաջին՝ Համաձայնագիրը կնքվել է 2015 թ-ի դեկտեմբերին և կոչվում է ոչ թե միասնական, այլ միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային համակարգ: «Եթե Բելառուսն ու Ղազախստանը կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, որտեղ մեկ ղեկավարություն կա, Հայաստանը կնքել է միավորված համակարգի համաձայնագիր: Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Համաձայնագրի երկրորդ հոդվածում հստակ դա նշված է, և պատահական չէ, որ մենք գնացել ենք այդ ճանապարհով, որպեսզի մեր զինված ուժերի հակաօդային ուժերի պաշտպանությունը բացառապես իրականացվի ՀՀ ԶՈՒ-ի կողմից: Այսինքն՝ բոլոր այն կարծիքները, որ այս պայմանագրով ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետք է այն իրականացվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Շարմազանովը:
Համաձայնագրի երրորդ հոդվածով, ըստ ՀՀԿ խոսնակի, նախատեսվում է Հայաստանի սահմանների ներքո առանձին ՀՕՊ համակարգ ստեղծել, քանի որ ՌԴ և ՀՀ-ն չունեն ցամաքային սահման: Այդ համակարգի ղեկավարումը, ինչպես նշեց Շարմազանովը, իրականացնելու է ՀՀ ԶՈՒ-ի համապատասխան պաշոտնյան, որը բացառապես հաշվետու է լինելու ՀՀ գերագույն հրամանատարին:
Երրորդ՝ այս համաձայնագիրը Հայաստանի և Արցախի ՀՕՊ համակարգերի հետ որևէ առնչություն չունի: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս համաձայնագրում որևէ տառ, բառ, չակերտ, ստորակետ կամ այլ կետադրական նշան չկա, որը կապված է Արցախի հետ: Հայաստանի և Արցախի զինված ուժերի ՀՕՊ համակարգերում որևէ սահմանափակում չկա և այս համաձայնագիրը դրա հետ կապ չունի»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Չորրորդ, ըստ Շարմազանովի, այս միավորված համակարգը Հայաստանին հնարավորություն է տալիս օգտվել Ռուսաստանի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից:
«Այն հնարավորությունները, որոնք մենք չունենք, կարող ենք օգտագործել խաղաղ ժամանակաշրջանում մեր նպատակների համար: Կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է խոսենք մտահոգությունների, այլ լուրջ ձեռքբերումների մասին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան