Ծառայողական մեքենաների կրճատումն ավելի շատ ոչ թե ֆինանսական, այլ բարոյական խնդիր է. Պավել Սաֆարյան
Գործադիրի այսօրվա նիստից հետո, երբ լրագրողները ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով բյուջեում ո՞ր ծախսերը կրճատելու կարիք ունեն, ասաց. «Դուք ո՞նց եք պատկերացնում, ես բյուջեի մշակման աշխատանքներում մասնակցող մարդ եմ, հիմա գամ, ասեմ՝ գիտեք, ես բյուջեն այնպես եմ մշակել, որ մի 30 տոկոսն անարդյունավետ ծախս է: Նման բան ո՞նց եք պատկերացնում»:
Դիտարկմանը, թե ի վերջո, ըստ բյուջեի ծախսերի՝ ո՞ր հատվածը կարելի է կրճատել` այն ուղղելով ավելի խոցելի ոլորտներին, Պավել Սաֆարյանն ասաց. «Շատ միամիտ կլիներ, որ ծախսերի կրճատման հետ կապված իմ կարծիքն առաջինը ձեզ հայտնեի: Ես առաջինը կառավարությանն եմ հայտնում»:
Երբ լրագրողներն ասացին, թե միգուցե կիսվի այդ տեղեկությամբ, փոխնախարարը պատասխանեց. «Բայց կարող է ես չուզենամ ձեզ ասել, ինչի՞ եք ըտենց ոգևորված հարցնում, թե ես ինչ եմ ասում կառավարությանը: Անհույս վիճակում ձեզ ընենց տխուր եմ պատկերացնում, այսինքն՝ եթե ձեզ չպատասխանեմ, դուք ձեր հույսը կկորցնե՞ք»:
Դիտարկմանը, թե միգուցե կառավարությունը չի՞ համաձայնել իր առաջարկների հետ, դրա համար է թաքուն պահում, Պավել Սաֆարյանը զարմացած նշեց, թե ինչից նման եզրակացության եկան:
«Երբ ես առաջարկություն եմ ունենում, առաջինը կառավարությանն եմ հայտնում »,- ասաց Սաֆարյանը:
Միաժամանակ նշեց, որ կառավարությունն առաջինը կրճատում է ծառայողական մեքենաների հետ կապված ծախսերը: Սակայն, ըստ նրա, ծառայողական մեքենաների կրճատումն ավելի շատ ոչ թե ֆինանսական, այլ բարոյական խնդիր է:
Փոխնախարարի խոսքերով՝ իսկապես կան ծախսեր, որոնց մի մասը ենթակա է կրճատման. «Օրինակ` կան ծախսեր, որոնց նպատակը շատ բարի է, բայց այդ ծախսերն իրականում այն արդյունքները չեն տալիս, ինչ պետք է տան: Մտածում ենք, որ բյուջեի քննարկման ժամանակ, առաջարկելու ենք կրճատել: Մենք հիմա աշխատում ենք բոլոր նախարարությունների հետ և մինչև ամսվա վերջ ինչ-որ սցենար կներկայացնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան