Շվեդ իրավաբան. Բունդեսթագի որոշումը դրական է, բայց դեռևս պետական քաղաքականություն չէ
Շվեդ իրավաբան, միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Օվե Բրինգը Panorama.am-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ափսոսանք հայտնեց, որ Գերմանիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները չեն մասնակցել որոշման ընդունմանը և հիշեցրեց, որ այս հարցում որոշիչ է հենց կառավարության դիրքորոշումը:
«Իհարկե դրական է, որ Գերմանիայի խորհրդարանը, համալրելով բազմաթիվ այլ խորհրդարանների շարքը, ճանաչեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը: Մյուս կողմից սակայն ակնհայտ է, որ ինչպես նմանատիպ բազմաթիվ այլ դեպքերում, խորհրդարանի որոշումը չի դառնա կառավարության քաղաքականություն: Անգելա Մերկելը չմասնակցեց բանաձևի քվեարկությանը, իսկ ինչպես գիտենք արտաքին քաղաքականությունը որոշում է կառավարությունը, ո՛չ թե խորհդարանը», – նշեց պրոֆեսոր Բրինգը:
Ընդգծելով այն փաստը, որ Թուրքիան այս բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց դիվանագիտական ճանապարհով և կառավարության մակարդակով` իրավաբանն ասաց, որ Թուրքիայի այդ վարքագիծը ստիպում է Գերմանիային պաշտոնական պատասխան տալ:
«Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այս ճանաչումը կազդի Գերմանիայի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների վրա», – ասաց նա:
Օվե Բրինգը բազմիցս նշել է, որ 1915թ.-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից հանդիսանում են Ցեղասպանություն, այլ ոչ թե «տարհանում» կամ «վերաբնակեցում», ինչպես պնդում է Թուրքիան: Նա բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանը ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ:
Օվե Բրինգը Ստոկհոլմի համալսարանի և Շվեդական պաշտպանության համալսարանի պատվավոր պրոֆեսոր է և միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ:
Հեղինակ` Նվարդ Չալիկյան
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի բանաձևում հատուցման գաղափարը սկզբունքորեն բացակայում է. Արմեն Մարուքյան
- Տեսսա Հոֆման. Բունդեսթագի բանաձևը կարող է խթանել ցեղասպանության մասին կրթությունը Գերմանիայում
- Պրոֆեսոր. Բունդեսթագի որոշումը խոսում է Եվրոպայի վերակենդանացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին