Լևոն Ջուլֆալակյան. «Մեր հավաքականում կա ջերմություն, հարգանք, սեր, համերաշխություն»
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշմարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի համար Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը կլինեն 6-րդը՝ որպես մարզչական շտաբի անդամ և ղեկավար: Օլիմպիական չեմպիոնը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչ կարող են անել ըմբիշներն այս Օլիմպիական խաղերում, և ինչը չպետք է խանգարի նրանց այդ հարցում:
- Պարոն Ջուլֆալակյան, ինչի՞ հետևից է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում Ռիո:
- Բնականաբար, մեր հավաքականը Ռիո է մեկնում հաղթանակների համար: Բոլորս էլ գիտենք Օլիմպիական գաղափարը՝ կարևորը մասնակցությունն է, բայց ինձ համար անընդունելի է միայն մասնակցությունը: Օլիմպիական խաղերն այն տոնն են, որը տոնում են ամբողջ աշխարհում: Տոնն առավել հիշարժան է դառնում, երբ հաղթանակած ես վերադառնում: Մեր հավաքականը մինչև Օլիմպիական խաղերը տարատեսակ մեդալներ է նվաճել: Եվ հիմա էլ նպատակ ունենք նույնը շարունակել: Չեմ ցանկանա ոչ մի մեդալի գույն և քանակ ասել, բայց որ թիմը մարտական է տրամադրված, դա հաստատ է:
- Ձեր երկարամյա աշխատանքը և փորձը հաշվի առնելով՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարզիկներին, որպեսզի նրանք դա հիշեն գորգի վրա:
- Ամենակարևորը՝ հոգեպես պետք է պատրաստ լինել: Իսկ մեր տղաների անցած ճանապարհը մեծ փորձ է տվել: Պետք է մոտենալ Օլիմպիական խաղերին այնպես, ինչպես մյուս բոլոր մրցաշարերին: Կցանկանայի, որ ավելի թեթև մոտենային: Ամեն ինչ կախված է անհատից: Պետք չէ, որ մարզիկները հուզվեն, լարվեն և նախապես իրենց պատկերացնեն այդ պատվանդանի վրա կանգնած:
- Ի՞նչ հետևություններ եք արել «Լոնդոն-2012»-ից հետո, որոնք չեք ցանկանալ կրկնել «Ռիո-2016»-ում:
- Ավելի շատ տեխնիկական, տակտիկական բացթողումներ են եղել: Ես կցանկանայի, որպեսզի այդ բացթողումները, որ եղան իրենց անձնական հակառակորդների հետ, նույնը տեղի չունենան Ռիոյում: Մեր մարզիկների փորձը մեծ է, անցած ճանապարհն էլ դժվարին է եղել, հիմա պետք է ճիշտ հավաքվենք և ճիշտ մոտեցում ցուցաբերենք:
- Պարոն Ջուլֆալակյան, գնահատեք մեր մարզիկներին ոչ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, այլ որպես սեփական գործի գիտակ:
- Բոլորն էլ արժանի մարզիկներ են և իրենց թիկունքում թողած երկար ճանապարհ ունեն: Երկուսին՝ Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին կարելի է մի փոքր առանձնացնել: Իսկ մյուս երկուսն էլ մեծ պոտենցիալ ունեն: Հավաքականի 4 մարզիկներն էլ Օլիմպիական խաղերին լավ մասնակցելու հնարավորություն ունեն: Անհատապես բոլոր էլ ունեն առավելություններ և թերություններ, ինչպես ցանկացած անձնավորություն: Ամենակարևորն այն է, որ հավաքականի բոլոր անդամները նվիրված են իրենց գործին: Տա Աստված, որ հաջողությունն իրենց հետ լինի Օլիմպիական խաղերի ժամանակ:
- Ո՞րն է Ձեր գլխավորած հավաքականի հաջողության հիմնական «մեխը»:
- Չեմ ցանկանա շատ գովաբանել մեր հավաքականին, դա հասարակությունն է տեսնում: Մեր հավաքականում կա ջերմություն, հարգանք, սեր, համերաշխություն, և ստեղծվել է մի մթնոլորտ, որ մարզիկները ցանկանում են առաջին հերթին լավ մարդ և լավ մարզիկ լինել: Մեր նորեկներին այդ ամենը ներկայացվում է, եթե չեն ընդունում, տեղ չեն ունենում հավաքականի կազմում:
- Ի՞նչ նախապատրաստական փուլեր եք անցնելու մինչև Խաղերը:
- Հունիսի 14-28-ը հավաքականը կմեկնի Ղրիմ, այնուհետև հավաք կանցկացնենք Բելառուսում, իսկ վերջին հավաքը՝ Երևանում: Քանի որ առաջինը գորգ դուրս կգա Արսեն Ջուլֆալակյանը, մենք միասին Ռիո կմեկնենք օգոստոսի 11-ին: 12-ին Մաքսիմ Մանուկյանը կմեկնի Սամվել Գևորգյանի հետ, իսկ Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ Ռիո կգան օգոստոսի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան