Հայաստանում վարկանշավորման նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է
Ցանկացած միջազգային վարկանշային կազմակերպության վարկանշավորումը ոչ միայն տվյալ երկրի, այլ՝ առանձին կազմակերպությունների համար կարևոր նշանակություն ունի: Այս մասին այսօր Երևանում անցկացվող Fitch միջազգային վարկանիշային ընկերության կոնֆերանսի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Նրա խոսքերով՝ ռեյտինգավորումից հետո շուկաները սկսում են բացվել
միջազգային ներդրողների առջև:
«Ոչ մի միջազգային ներդրող չի իրականացնելու ինքնուրույն ռեյտինգավորում կամ գնահատում, և այստեղ անհրաժեշտություն է առաջանում անկախ, միջազգային փորձ ունեցող, անկողմնակալ ռեյտինգային կազմակերպության, որը կգնահատի առանձին ընկերությունների իրավիճակը: Այսպիսով, ներդրողները կօգտվեն հեղինակություն վայելող վարկանիշային կազմակերպությունների գնահատականներից»,- նշեց նա:
Կոնստանտին Սարոյանը պարզաբանեց, որ վարկանիշը՝ որպես այդպիսին, չի փոխարինում աուդիտին կամ ստուգումներին, այն հիմնականում գնահատում է առանձին ընկերությունների վիճակն ու ներկայացնում պոտենցիալ ներդրողներին՝ նպատակ ունենալով նրանց մոտ վստահություն ապահովել այդ ընկերությունների նկատմամբ։
Ըստ նրա՝ վարկանշումը հատկապես կարևոր է բանկերի համար, որոնք թողարկում են պարտատոմսեր, ինչպես նաև բաժնետոմսեր և միջոցներ են ներգրավում արտերկրից։
Ներկայումս Fitch-ը վարկանշում է Հայաստանը, իսկ մասնավոր հատվածից՝ Ամերիաբանկին և Արդշինբանկին։
Կոնստանտին Սարոյանը գտնում է, որ Fitch-ը պետք է ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, ավելի մատչելի պայմաններով վարկանշի հայաստանյան ընկերություններին, արդյունքում՝ ավելի շատ ընկերություններ կդիմեն միջազգային կազմակերպությանը:
«Իրականում դա տալիս է վստահություն ներդրողների մոտ: Եթե տվյալ ընկերությունն անցել է ռեյտինգի, ապա այն համապատասխանում է որոշակի չափանիշների և ներդրողները վստահություն ունեն, որ տվյալ ռեյտինգը համապատասխանում է իրականությանը»,- ընդգծեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրենը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում վարկանշավորման նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է , որոշ մասնավոր ընկերություններ արդեն դիմել են Fitch-ին՝ վարկանիշ ստանալու համար: Սակայն արդյունքների մասին հրաժարվեց խոսել, միայն նշեց, որ մեր երկրի ռեյտինգին համահունչ որոշակի փոփոխություններ տեղի են ունենում, բայց կախված բանկի ֆինանսական վիճակի հետ, հիմնականում բարելավում է:
Ներսես Երիցյանի խոսքերով՝ արդեն 2-3 տարի է համաշխարհային ճանաչում ունեցող ռեյտինգային ընկերությունների հետ աշխատում են, որպեսզի կարողանան ձևավորել ընկերությունների ռեյտինգներ, իսկ հետագայում դա թույլ կտա միջազգային ստանդարտներին համապատասխան տեղական չափանիշներով ռեյտինգ իրականացնել:
Ներսես Երիցյանը նշեց նաև, որ այն բանկերը, որոնք ունեն վարկանիշներ, հայտնվում են միջազգային ինստիտուտցիոնալ ներդրողների ներդրումային քարտեզի վրա. «Ամենօրյա կտրվածքով մոնիտորինգի են ենթարկվում երկիրն ու բանկերը, որոնք հնարավորություն են ունենում ստանալ առևտրային վարկեր, վարկային գծեր՝ ավելի մատչելի պայմաններով: Ունենք մեկ-երկու բանկ, որոնք միջազգային շուկայում արժեթղթեր են թողարկել: Այդ գործընթացը շարունակվելու է: Եվ տեղական ռեյտինգը մեզ պետք է, որ առաջիկա մի քանի տարիներին ՀՀ դրամով արժեթղթերի թողարկումն ու վաճառքն ապահովենք միջազգային ինտիտուցիոնալ ներդրողների համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան