Երկու օր անվճար խորհրդատվության հնարավորություն՝ Մելանոմայի վաղ ախտորոշման ու կանխարգելման օրերի շրջանակում
Հունիսի 9-11-ը Հայաստանում Հայկական հակաքաղցկեղային լիգայի ու պլաստիկ, ռեկոնստրուկտիվ ու էսթեթիկ վիրաբույժների նախաձեռնությամբ անցկացվում են Մելանոմայի վաղ ախտորոշման ու կանխարգելման օրեր: Միջոցառումների շրջանակում այսօր Երևանում կազմակերպվել է մելանոմայի թեմայով համաաժողով՝ տարբեր մասնագիտացմամբ բժիշկների համար:
Համաժողովի մեկնարկից առաջ ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջոցառումներով իրազեկվում է և հանրությունը, և այն բժիշկներն, ովքեր մասնագիտական տեսանկյունից կապ չունեն Մելանոմա կոչված խնդրի հետ:
«Մելանոման քաղցկեղի ամենագրեսիվ տեսակներից է: Արտաքինից այն նման է սովորական խալերին և իրազեկված չլինելու պայմաններում մենք ունենում ենք ավելի լուրջ բարդություններ: Այս օրերին անցկացվող միջոցառումներն ունեն նաև բարեգործական հատված: Հունիսի 10-ին ու 11-ին «Դա Վինչի» բուժկենտրոնում մարդիկ հնարավորություն ունեն անվճար խորհրդակցել մասնագետի հետ ու ցույց տալ անհանգստացնող խալերը: Անհրաժեշտության դեպքում հիվանդներին կուղարկեն հետագա հետազոտության ու բուժման»,-ասաց փոխնախարարը:
Մելանոման մաշկի չարորակ ուռուցք է: Դրա առաջացմանը մեծապես նպաստում է ուլտրամանուշակագույն ճառագայթների (ինչպես բնական, այնպես էլ արհեստական՝ սոլյարի) բացասական ազդեցությունը և ժառանգական նախատրամադրվածությունը:
Մելանոմայի վաղ ախտորոշումը որոշիչ դեր ունի և մեծացնում է հիվանդությունը հաղթահարելու շանսերը:
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է մելանոմայով հիվանդության աճ: Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության վիճակագրության համաձայն՝ 2002 թվականին հայտնաբերվել է մելանոմայի 160 հազար նոր դեպք, որից 41 հազարը մահացու, իսկ 2012 թվականին հիվանդությունների թիվը հասել է 232հազարի, որից 55,300 մահացու:
Վաղ շրջանում հայտնաբերված Մելանոման բուժվում է 95-98 տոկոսով: