Մոնոպոլիստների մի մասը ԱԺ-ում նստած են, մյուս մասն էլ էստեղից դուրս են. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի հավատում Հայաստանում կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ծավալած «սրբազան պայքարին»: Այդ մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ նիստում, 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
«Հայտարարվել է սրբազան պայքար կոռուպցիայի դեմ, բայց հասարակությունը և քաղաքական ուժերը վստահություն չունեն այդ պայքարի նկատմամբ: Քավ լիցի, թող մենք լինենք ամենահոռետեսները, և թող այդ պայքարը դրական արդյունք տա: Բայց երբ ասվում է, որ երեքշաբաթյա ժամկետ ենք տալիս Հայաստանում մոնոպոլիաները հայտնաբերելու համար, կներեք, ես իրավունք ունեմ դրան չհավատալու:
Ոչ մի րոպե պետք չէր տալ Հայաստանում մոնոպոլիաները և մոնոպոլիստները հայտնաբերելու համար, եկեք միասին դուրս գանք Բաղրամյան փողոց ու միջին վիճակագրական քաղաքացուն հարցնենք, թե ովքեր են Հայաստանում այն մոնոպոլիստները, որոնց տրված են մոնոպոլիաները: Մոնոպոլիստների մի մասը ԱԺ-ում նստած են, մյուս մասն էլ էստեղից դուրս են», -հայտարարեց Զոհրաբյանը:
Պատգամավորն ասաց, որ չի հասկանում, թե ինչպե՞ս է հնարավոր պայքարել կեղծ հայտարարագրերի դեմ, այն դեպքում երբ բարձրաստիճան միլիոնատեր պաշտոնյաները «հատուկ վստահություն ունեն զոքանչների հանդեպ ու իրենց հայտարարգրերը ձևակերպում են զոքանչների անունով»:
«Հիմա դա ո՞նց է կարգավորվելու: Կամ անօրինական հարստացածների մասին: Անկեղծ ասած, դժվար եմ պատկերացնում՝ ինչպես ենք հայտնաբերելու, որ մարդն ապօրինի է հարստացել. Բերում են հայտարարագիր, այնտեղ ամեն ինչ նորմալ է, իրենք էլ պատրաստ են պապայի արև երդվել, որ իրենց հարստացումն օրինական է», -նկատեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան