«Բենիկ Պետրոսյանի բրոնզի դարը»` Ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 17-ին բացվելու «Բենիկ Պետրոսյանի բրոնզի դարը» խորագրով հետահայաց ցուցահանդես` նվիրված նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահից:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը ներառյալ:
Բենիկ Պետրոսյանը (1939-1996) հայ իրականության մեջ առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո, աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն…
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:
Բ. Պետրոսյանը 1954-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: 1957թ. մասնակցել է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և այլուր: 1960-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում` Արա Սարգսյանի արվեստանոցում: 1965թ. Երիտասարդական հանրապետական ցուցահանդեսում ստացել է արծաթե մեդալ: 1969թ. ներկայացել է առաջին բացօթյա ցուցահանդեսով, Երևանի Օղակաձև զբոսայգում: Նույն թվականին արժանացել է Մոնրեալի «Էքսպո 69» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ունեցել է ավելի քան 60 անհատական ցուցահանդես Հայաստանում, ԽՍՀՄ-ում և արտերկրում` Ճապոնիա, Հարավսլավիա, Լատվիա, ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: 1987-91թթ անընդմեջ արժանացել է միութենական «Լավագույն քանդակ» մրցանակի: Բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են Հայաստանի թանգարաններում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների պատկերասրահներում և անհատական հավաքածուներում: Մահացել է Երևանում: 2002թ. ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել է Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե:
«Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց: Շատ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստանոցներով: Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ: Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար: Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա… »,- ասել է Բ. Պետրոսյանը:
Լուսանկարները՝ beno-art.com կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում