Թուրքերը դիմել են Գերմանիայի Սահմանադրական դատարան
Թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը Գերմանիայի Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել, որով պահանջում է չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը:
Deutsche Welle պարբերականի թուրքալեզու ծառայության փոխանցմամբ` իր այդ քայլը թուրք իրավաբանը բացատրել է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Գերմանիան չունի նախադեպ, երբ Բունդեսթագի ընդունած որոշումը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դրանով պայմանավորաված` հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանա թուրք իրավաբանի ներկայացրած դիմումը:
Չնայած դրան` Աքքուրթին հայտարարել է, որ իրեն չեն մտահոգում այս հանգամանքները, և որ, եթե Սահմանադրական դատարանը ընթացք չտա իր հայցին, այն կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որով 1915-16թթ-ին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների տեղահանումը և բնաջնջումը ճանաչում էր որպես ցեղասպանություն: Նշենք, որ բացի հատուկենտ թուրքական լրատվամիջոցներից, դատարան դիմելու այլ փաստ դեռևս չկա։