Երբ ոչ Պետրոսը, ոչ էլ մանավանդ Նժդեհը մեղավոր չեն այս անհաջողության մեջ
Վերջերս մեծ հանդիսությամբ Երևանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը, ինչի շուրջ բուռն քննարկումներ եղան։ Պատճառն ամենևին Նժդեհը չէր, այլ հենց «բուն» արձանը։
Արձանի «գեղարվեստական» շնչով հիացած էին ՀՀԿ ու քաղաքային իշխանությունները, իսկ արվեստագետները և հասարակությունը մյուս բևեռում էին հիմնականում։
Հաճախ քննադատություններին ի պատասխան քաղաքային շինություններով զբաղվողները ասում են իբր՝ «ճաշակի հարց է»։ Սակայն միջակ կամ վատ գործը առաջ հրել՝ հիմնվելով «ճաշակով» արդարանալուն, ամենևին մասնագիտական մոտեցում չէ։
Այսօր ներկայացնեմ ճարտարապետ Արսեն Կարապետյանի՝ կետ առ կետ անդրադարձը արձանին որպես հենց մասնագիտական հիմնավորում։
Ճարտարապետը իր նկատառումները գրել է ֆեյսբուքյան էջում։
«Էրեկ պատահմամբ հայտնվեցի Նժդեհի արձանի մոտ, հիմա տեսել եմ աչքով, կարող եմ ասել:
Նախ, էն թեզը, որ բոլոր արձաններն էլ սկզբից չեն ընդունվում, հետո մարդիկ սովորում են, սիրում են՝ հիմարություն է: Հնարավոր է, որ անսովոր, նոր քանդակները դժվարությամբ ընդունվեն հանրության ոչ պատրաստված հատվածի կողմից, հետո քիչ-֊քիչ սովորեն. այդպես լինում է, երբ քանդակագործը իր ժամանակից առաջ է գնացել։ Բայց եթե խոսքը գնում է արդեն ծեծված֊, դարը անցած ձեւերի մասին՝ արդեն զավեշտալի է: Եւ ինչքան էլ սովորենք՝ անհաջող աշխատանքը մնում է անհաջող, ու մեկ է՝ միտեսակ դիսկոմֆորտ է առաջացնում։ Օրինակները շատ են, հիմա չեմ ասի:
Ուրեմն, Պետրոս Ա-֊ի նմանությանը չեմ խոսելու, էական չէ: Ոչ էլ ընդհանուր հորինվածքի ու ոճի՝ կապ չունի, չնայած պետք է ասել, որ սա լավ ռեալիզմ էլ չէ, սա նաֆթալին-ռեալիզմ է: Բայց դա էլ մի կողմ:
Ասեմ, ինչու արձանը ավելի վատն էր իմ կարծիքով, քան ենթադրում էի․
ա/ շատ վատ է լուծված քաղաքաշինական տեսակետից: Պուրակի շարժումը դեմ է առնում արգելքի, բաժանվում է: Եվ անիմաստ ուղղահայաց՝ շեշտ անկապ տեղում:
բ/ ինչքան էլ զարմանալի թվա, բայց քանդակը ինձ շատ փոքր թվաց։ Խնդիրը այն է, որ այս տիպի պաթետիկ քանդակը պետք է ավելի մեծ լիներ ու անհասանելի, կամ բարձր դրված: Համեմատեք սովետական ժամանակներից մնացած նմանատիպ քանդակների հետ: Ու պետք չէ ասել, որ սա նոր խոսք է: Չկա նման բան:
գ/ մի տեսակ անավարտի, անցումային փուլի մանրակերտի տպավորություն էր թողնում՝ փնթի: Երբ քարից քանդակների վրա, օրինակ, երեւում է գործիքի հետքը, դա կենդանացնում է նյութը, կամ եթե գլխավոր հատվածները մանրակրկիտ են մշակված, իսկ ընդհանուրը անավարտ է, depth of field-ի նման մի բան, դա հասկանալի է: Բայց այստեղ կարծես վերջացրած չէ աշխատանքը, թերի է, եւ չի զգացվում, որ մետաղից է, թվում է, որ քանդակը պլաստիլինից է, կամ գիպսից, եւ ներկված է:
դ/ շատ վատ է ձուլած, զոլավոր է՝ ակնհայտ երեւում են հատվածները՝ գույնով իրարից տարբերվող, մետաղի վրայի կարերը: Եւ դա հատուկ չէ արված, որպես արտահայտչամիջոց, այլ զուտ տեխնոլոգիական կարեր են»։
Իմ կողմից ավելացնեմ, որ արձանները, որոնք տեղադրվում են այսօր, շատ լավ ցույց են տալիս այսօրվա քաղաքաշինության բնավորությունը՝ անդիմագիծ։ Քաղաքը կորցրել է իր նախկին դեմքը ու նորը ձեռք չի բերում։ Որովհետև անսկզբունք-անճաշակը չի կարող դեմք ունենալ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սարգսյանը ասել է, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին
- Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործ. Քննադատությունն ինձ չի վախեցնում
- Գարեգին Նժդեհ. Չբացված արձանն ու ցանցը հեղեղած կարծիքները
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- Հրանտ Մաթևոսյանի կավե արձանը «տեղում» չի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան