ԳՆ պարզաբանումը. Ներկրմանը զուգահեռ կարտոֆիլն արտահանվել է
Գյուղատնտեսության նախարարությունն արձագանքել է կարտոֆիլի ներկրման ծավալների ավելացման վերաբերյալ Panorama.am-ի հրապարակմանը: Նախարարության տրամադրած պարզաբանման մեջ նշվում է, որ վերջին տարիներին հանրապետությունում ավելացել են կարտոֆիլի մշակության տարածքները։ Ըստ ԱՎԾ տվյալների` 2014 թվականին կարտոֆիլի ցանքատարածքները կազմել են 31552 հա, համախառն բերքը՝ 733161 տոննա։ 2015 թվականին՝ 33306 հա, համախառն բերքը՝ 764479 տոննա։ Ըստ օպերատիվ տվյալների 2016 թվականի հունիսի 9-ի դրությամբ կատարվել է շուրջ 34625 հա կարտոֆիլի տունկ, որից վաղահաս՝ շուրջ 2750 հա։ Նախորդ տարվա համեմատ ցանքատարածքները համապատասխանաբար ավելացել են 1319 և 500 հեկտարով։
«Կարտոֆիլի առումով մեր երկիրը ինքնաբավ է։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում առկա ներքին պահանջարկից ավել կարտոֆիլ է արտադրվում և արտահանվում։ Նախորդ տարի արտադրված կարտոֆիլի արտահանումը շարունակվել է մինչև այս տարվա հունիս ամիսը, և 2016 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 10-ը արտահանվել է 1446 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 775 տոննա։
Ընդհանրապես նախորդ տարվա կարտոֆիլի բերքը շուկայում վերջանում է մայիս ամսին, և մինչ վաղահաս կարտոֆիլի բեքահավաքը սկսվելը` այդ ժամանակահատվածում շուկայի պահանջարկը բավարարելու համար երկիր է ներկրվում որոշակի քանակությամբ կարտոֆիլ։ Այս տարի 2016 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրվել է 3392 տոննա կարտոֆիլ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրապետությունում աճեցված վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եղանակային անբարենպաստ պայմանների և տևական անձրևների պատճառով շուրջ 20 օր ուշացել է։
Միաժամանակ պետք է նշել, որ ամեն տարի հանրապետություն է ներկրվում կարտոֆիլի եվրոպական լավագույն սորտերի տնկանյութ (սերմացու)։ 2016 թվականի հունիսի 10-ի դրությամբ հիմնականում եվրոպական երկրներից ներկրվել է 3174 տոննա տնկանյութ (սերմացու)։
Սկսվել և շարունակվում են վաղահաս կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները։
Այս տարի վաղահաս կարտոֆիլի իրացումը հիմնականում կկրի համակարգված բնույթ, քանի որ արտահանող կազմակերպությունները` մասնավորապես «Սպայկա» ընկերությունը, կարտոֆիլագործների հետ ունի պայմանավորվածություն արտահանման վերաբերյալ»,-հայտնում են ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: