Հայաստանի պետական պարտքը գտնվում է կառավարելի մակարդակում. Ֆինանսների նախարար
2015 թվականի տարեկան տվյալների ամփոփումը, ինչպես արդեն բազմիցս նշվել է, ցույց տվեց, որ տնտեսության զարգացման միտումները թեպետ շարունակվել են, բայց նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով,- Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումներն ավարտելուց հետո ամփոփիչ ելույթով հանդես գալով՝ ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ըստ նրա, արդյունքում տնտեսական աճը կազմել է 3 տոկոս՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, ՌԴ–ից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը:
«Նկատենք, որ հիմնականում արտաքին ազդակներով պայմանավորված՝ տնտեսությունը բնութագրող որոշ տնտեսական ցուցանիշներ վատթարացման միտում են դրսևորել:
Մասնավորապես, 6,5 տոկոսով նվազել է վերջնական սպառումը, 5,1 տոկոսով նվազել են կապիտալ ներդրումները, արձանագրվել է 18, 5 տոկոս գործազրկության մակարդակ, չնայած նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 0,9 տոկոսային կետ: Այնուհանդերձ, գործազրկության այդպիսի մակարդակը շարունակում է մնալ մտահոգիչ, այդ առումով 2015 պետական բյուջեի ծախսային մասի գրեթե ամբողջությամբ կատարումը, կարծում ենք, մեղմել է գործազրկության աճի հնարավոր վտանգները»,- ասաց Գ.Խաչատրյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, ապրանքների ներմուծումը դոլարային արտահայտությամբ նվազել է 26,5 տոկոսով՝ ծրագրավորված 3,7 տոկոս աճի դիմաց, ինչը հիմնականում պայմանավորած է եղել արտահանման խնդիրներով և ներքին պահանջարկի կրճատմամբ: Ապրանքների արտահանումը նվազել է 3,9 տոկոսով՝ ծրագրված 5,2 տոկոս աճի դիմաց ՝ պայմանավորված արտաքին պահանջարկի նվազմամբ, մետաղների միջազգային գների նվազմամբ, դրամի իրական արժևորման հետևանքով արտահանվող ապրանքների մրցունակության անկմամբ: 1 շնչին ընկող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 3504 ԱՄՆ դոլար, որով Հայաստանը շարունակում է գտնվել միջին եկամուտ ունեցող երկրների խմբում:
Ֆինանսների նախարարի խոսքով, արձանագրված բացասական զարգացումները որոշ իմաստով ունեցել են նաև դրական դրսևորումներ: Արտաքին հատվածում բացասական զարգացումների ֆոնի վրա արձանագրվել է ընթացիկ հաշվի պակասորդի կրճատում մինչև ՀՆԱ-ի 2,6 տոկոս՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 4,6 տոկոսային կետով:
«2015 թվականին գործընկեր երկրներում արձանագրված բացասական տնտեսական զարգացումները և հումքային ապրանքների միջազգային գների նվազումը բացասական սպասումներ էին առաջացրել: Սակայն այս պայմաններում տարին ամփոփվել է ավելի բարձր՝ 3,5 տոկոս տնտեսական աճով, քան սպասվում էր»,- ասաց Գ. Խաչատրյանը:
Միաժամանակ հավելեց, որ 2016 թվականին արտաքին աշխարահից եկող նշված բացասական զարգացումները չնայած շարունակում են առարկայական լինել, սակայն Հայաստանի տնտեսությունում սկսել է ավելի բարձր՝ առաջին եռամսյակի ընթացքում 4,4 մեկնարկային տնտեսական աճով. «Հետևաբար գործընկեր երկրների տնտեսությունների, հումքային ապրանքների գների նախորդ տարվա համեմատ հարաբերականորեն ավելի բարենպաստ զարգացումների պայմաններում տնտեսական աճը 2016-ին կարող է լինել ավելի բարձր: 2016 թվականի բյուջեի հիմքում դրված է 2,2 տոկոսը»:
2015 թվականի Հայաստանի բյուջետային գործընթացները համեմատելով տարածաշրջանային այլ երկրների հետ, ըստ նախարարի, Հայաստանը միակ երկիրն է, որ չի ունեցել ծախսային մասի կրճատումներ. «ԱՊՀ, ԵԱՏՄ երկրների շրջանակում միակ երկիրն ենք, որ կարողացել ենք դժվարին տնտեսական պայմաններում պահպանել մեր դիրքերը»:
Գ. Խաչատրյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի պետական պարտքը գտնվում է կառավարելի մակարդակում:
Գագիկ Խաչատրյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է. Լևոն Զուրաբյան
- Հակակոռուպցիոն պայքարը Ռուստամյանին հույսեր է ներշնչում
- 2015-ին գործազրկության և աշխատանք փնտրողների աննախադեպ աճ է արձանագրվել. Բիշարյան
- Հայաստանում ստեղծվել է «պամիդորահեն տնտեսություն». Նիկոլ Փաշինյան
- Բյուջեի կատարողականի քննարկումը հաշվապահական հաշվառման ձանձրալի դասընթաց էր. Նաիրա Զոհրաբյան
- Ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ... Գալուստ Սահակյան
- Մոնոպոլիստների մի մասը ԱԺ-ում նստած են, մյուս մասն էլ էստեղից դուրս են. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան