Հայաստանյան իշխանությունները Վենետիկի հանձնաժողովից խնդրել են նոր կարծիք տրամադրել ԸՕ վերաբերյալ
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը:
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի՝ ամբողջովին ընդունված օրենսգրքում իրացված առաջարկներից առավել առանցքայիններին, միևնույն ժամանակ ներկայացրել նաև չընդունված առաջարկների հիմնավորումները:
ԱՆ հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, արդարադատության նախարարը խնդրել է Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։
«Մինչ այդ, ակնկալում եմ, որ հնարավորություն կընձեռվի հանդիպելու զեկուցողներին՝ համապատասխան փոփոխությունները քննարկելու համար, հատկապես, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ դուռը փակ չէ, և առկա է որոշ այլ փոփոխություններ կատարելու հնարավորություն, իսկ այդ տեսանկյունից զեկուցողների ներդրումը շատ կարևոր է: Միևնույն ժամանակ, լիահույս եմ, որ հայաստանյան իշխանությունների ջանքերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի իր ընդունելիք որոշման մեջ»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:
ԱՆ-ից հատկանշական են համարում, որ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական կարծիքում ամրագրել է նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայներով, այն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ին: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրում են, որ հայաստանյան իշխանություններն ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում իրենց առաջարկություններն հաշվի առնելու շոշափելի ջանքեր են գործադրել և ապահովել են գործընթացում երկրի ներսի դերակատարների մասնակցության լայն ներառականություն: Հայաստանյան իշխանությունները Հանձնաժողովից խնդրել են նոր կարծիք տրամադրել մայիսի 25-ին ընդունված օրենսգրքի վերաբերյալ: Ուստի, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այս հաջորդող կարծիքում կգնահատեն օրենսգրքում իրացված վերջին փոփոխությունների և Նախնական կարծիքում ներկայացված առաջարկությունների համապատասխանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին