Հայաստանը մասնակցելու է սեպտեմբերին Չինաստանում կայանալիք Մեծ մետաքսի ճանապարհի ծրագրերին
Հայ-չինական մշակութային հարաբերությունները բազմամյա պատմություն ունեն, և ներկայում փոխհամագործակցությունը շարունակվում է ամենատարբեր ձևաչափերով,- ՀՀ մշակույթի նախարարությունում «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրված փաստաթուղթը բաղկացած է 12 հոդվածից, որի համաձայն համագործակություն կծավալվի թանգարանների, թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականության, ֆիլմարտադ-րության, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Անդրադարձ կկատարվի միջազգային մշակութային միջոցառումներին՝ ներառյալ մրցույթներ, արվեստի փառատոներ և գիտաժողովներ: Ծրագրով նախանշվում է նաև համագործակցություն՝ Մետաքսի ճանապարհի թեմայով մշակութային միջոցառումների, մշակույթի օրերի, մշակութային ժառանգության պահպանության և մշակութային կոթողների վերականգնման ոլորտներում:
«Չինաստանն այն երկրներից է, որի հետ մշակութային համագործակցությունն ընթանում է հստակ սահմանված ծրագրով և ժամանակացույցով՝ փոխադարձ մշակութային օրերի անցկացման ձևաչափով: Այս ձևաչափից բացի, համագործակցում ենք նաև տարբեր փառատոների, մրցույթների, գրական-թարգմանական, ցուցահանդեսների, համերգների շրջանակում»,-նշեց նախարարը:
Հ. Պողոսյանը կարևորեց հայ նկարիչների մասնակցությունը Պեկինի բիենալեին, Չինաստանում կազմակերպված՝ մշակույթի ոլորտի կառավարիչների դասընթացներին հայաստանյան ներկայացուցիչների մասնակցությունն ու դրա արդյունավետությունը, ինչպես նաև վերջերս՝ Հայաստանի ներկայացվածությունը Չինաստանի միջազգային մանկական նկարչական ցուցահանդեսին, որտեղ հայ երեխայի ստեղծագործությունը դարձել է ցուցահանդեսի խորհրդանիշը:
ՀՀ մշակույթի նախարարը բարձր գնահատեց վերջին տարիների ընթացքում ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը և այս համատեքստում՝ Կոնֆուցիոսի կենտրոնի առկայությունը Հայաստանում, որը լրջագույն դերակատարություն ունեցավ երկու երկրների միջև մշակութային և կրթական համագործակցության զարգացման համար. «Որպես լրացում Կոնֆուցիոսի կենտրոնի՝ այսօր ունենք չինական դպրոց, ինչպես նաև Գուգուն թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև երկխոսություն, ինչի վկայությունը նշված թանգարանի տնօրենի այցն էր Հայաստան»:
Հասմիկ Պողոսյանը կարևորեց սեպտեմբերին Չինաստանում կայանալիք Մեծ մետաքսի ճանապարհի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը:
ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն իր խոսքում կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության մշակութային բաղադրիչի առկայությունը:
Դեսպանի խոսքով, Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային համագործակցությունն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները:
Նշենք, որ հունիսի 9-14-ը Հայաստանում անցկացվում են Չինաստանի մշակույթի օրեր: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, բացման արարողությունը կկայանա հունիսի 11-ին, ժամը 18:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը հանդես կգա «Իմ երազանքը» խորագիրը կրող համերգային ծրագրով: Հունիսի 13-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ևս կկայանա «Իմ երազանքը» խորագրով համերգը:
Իր տեսակի մեջ եզակի այս խումբը ստեղծվել է 1987 թվականին և յուրաքանչյուր տարի հանդես է գալիս, ավելի քան, 150 ներկայացումով: Համույթը շրջագայել է շուրջ 60 երկրում՝ ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքները՝ Եվրասիա, Ամերիկա, Աֆրիկա: Անվանի կոլեկտիվի խաղացանկում ընդգրկված են վոկալ և գործիքային կատարումներ, բալետ, լատինական պար, պարային և երաժշտական կոմպոզիցիա:
Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում հունիսի 11-ին, ժամը 15:00-ին, Հ. Թումանյանի թանգարանում կբացվի Չինաստանի մետաքսի ասեղնագործության մշակույթը ներկայացնող «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. հունիսի 17-ը: Ցուցահանդեսին կներկայացվի շուրջ 40 աշխատանք: