Ամալ Քլունին կպաշտպանի եզդի կնոջ՝ Նադիա Մուրադի շահերը
Աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Քլունին կիրականացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացրած ցեղասպանությունից տուժած եզդիների շահերի պաշտպանությունը:
«Ամալ Քլունին ավելին է, քան Ջորջ Քլունիի հիասքանչ կինը: Նա նույնքան կրքոտ է մարդու իրավունքների խախտումների զոհերի հարցով արդարության հասնելու գործում, անկախ այն բանից, թե ինչքան վտանգավոր կարող է թվալ ստանձնած առաքելությունը»,-գրում է «Etonline» պարբերականը:
38-ամյա փաստաբանը պաշտպանելու է 2014-ին եզդիների նկատմամբ իրականացրած ցեղասպանութուն վերապրած Նադիա Մուրադի ու այլ տուժածների շահերը: «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Իրաքի հյուսիսում գտնվող քաղաքների գրավումից հետո սկսեցին մասայական մահապատիժներ: Միաժամանակ կանայք ենթարկվում էին սեռական ստրկության:
«Եվրոպական խորհրդարանը, ԵԽԽՎ-ն, ԱՄՆ կառավարությունը, Միացյալ Թագավորությունը, բոլորը ճանաչել ենայդ գործողությունները որպես Իրաքում ապրող եզդի ժողովրդի դեմ կատարվող ցեղասպանություն: Ինչպե՞ս կարող են նման լրջագույն հացագործություններ կատարվել մեր աչքի առաջ ու դրանց իրականացնողների նկատմամբ չիրականացվի քրեական պատասխանատվություն Հագայի միջազգային դատարանի կողմից»,-ասել է Ամալ Քլունին:
Նադիա Մուրադը հազարավոր եզդի կանանցից մեկն է, ով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելու համար, ենթարկվել է սեռական ու այլ բռնությունների: Նա Քլունիին բնութագրում է, որպես աննկարագրելի էնտուզիազմով լի կին, ով նոր լիցք է հաղորդել իր պայքարին:
«Մենք երկուսս էլ արդարություն պահանջողներ ենք և արդարության միջոցով խաղաղություն հայցողներ: Մեր վերջնական նպատակն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն գործածներին, վերականգնել արդարությունը Ցեղասպանության զոհերի նկատմամբ»,-ասել է Նադիա Մուրադը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկիչների կողմից մոտ 6 հազար եզդի է սպանվել, միլիոնավոր իրաքցիներ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը նրանցից փրկվելու համար:
Հիշեցնենք, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից փախած ազգությամբ եզդի Նադիա Մուրադն ապրիլին Երևանում էր : Նա, մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին:
Panorama.am -ի հետ զրույցում նա պատմել էր այն սարսափների մասին, որի միջով անցել էր.
«Ես Մոսուլում էի գտնվում, որևէ ելք չէի գտնում դուրս գալու, գիտեի, որ այլևս փրկվելու տեղ չկա: Ամբողջ Մոսուլը գտնվում էր այդ ահաբեկիչների իշխանության տակ: Սակայն մի տուն կար, որտեղից կարողացա վերցնել իսլամական զգեստներ, թաքցնել դեմքս և փախչել: Որոշ մարդիկ շատ օգնեցին, և ես բախտի բերմամբ, կարողացա անցնել սահմանը: Ինձ տեղափոխել են եղբորս մոտ` Զախոյում գտնվող եզդիական ճամբար, որից հետո մի շարք եզդիների հետ տեղափոխվել եմ Գերմանիա:
Ավաղ, կորցրի վեց եղբայրներիս, որոնց սպանեցին, մորս, եղբորս աղջիկն էլ փորձել էր փախչել Մոսուլից, բայց ականի վրա էր ընկել ու մահացել էր»-, այսօր իր պատմությունը ներկայացրեց Նադիան:
Հարակից հրապարակումներ`
- Ես նրանց ձայնն եմ. ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)