«Քվանտ»-ի աշակերտը վարչապետին է ներկայացրել անօդաչու սարքերը չեզոքացնելու նպատակով իր պատրաստած սարքը
«Քվանտ» վարժարան այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանին աշակերտներից մեկը ներկայացրել հակառակորդի անօդաչու սարքերը չեզոքացնելու նպատակով իր կողմից պատրաստված սարքը, որն ստեղծելու միտքն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այն հնարավորություն է տալիս խլացնել ռադիոալիքները և «Քվանտ»-ի սանի կարծիքով՝ կարող է օգտագործվել ռազմարդյունաբերության ոլորտում:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը ծանոթացել է վարժարանի ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին:
«Քվանտ»-ի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացը, կրթական ծրագրերը և վարժարանի նոր մասնաշենքում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքները: Նա նշել է, որ վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-11-րդ) դասարաններ. միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը, իսկ ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաբանասիրական, տնտեսագիտական և միջազգային հոսքերով:
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև «Քվանտ»-ի տարեվերջյան ամփոփիչ քննությունները հանձնող 5-6-րդ դասարանների աշակերտներին և հաջողություն մաղթել նրանց: Վարչապետը ողջունել է «Քվանտ»-ի՝ որպես հանրակրթության ոլորտի առաջատար դպրոցներից մեկի գործունեությունը և կառավարության աջակցությունը հայտնել վարժարանի հետագա ծրագրերին:
Կառավարությունից մանրամասնում են, որ «Քվանտ» վարժարանն առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է Հայաստանում, որի շրջանավարտներն ստանում են ՀՀ պետական ատեստատ, իսկ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները` նաև միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ավարտական գնահատականներով ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ: Այս տարի լրանում է վարժարանի հիմնադրման 25 տարին: Մինչ օրս «Քվանտը» Հայաստանին բազում շրջանավարտներ է տվել, որոնցից շատերը մասնակցել և հաղթել են ազգային ու միջազգային օլիմպիադաներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան