Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն արժանացել է «Золотой Витязь» մրցանակի
Ղրիմում կայացած «Золотой Витязь» միջազգային 25-րդ կինոֆորումում «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն արժանացել է «Золотой Витязь» մրցանակին: Այս մասին տեղեկանում ենք «Золотой Витязь» սլավոնական արվեստի ֆորումի պաշտոնական կայքից:
Կինոֆորումի տաս օրվա ընթացքում հանդիսատեսը դիտել է 190 մրցույթային ֆիլմ աշխարհի 20 երկրից վեց անվանակարգում՝ խաղարկային, մանկական, վավերագրական լիամետրաժ, վավերագրական կարճամետրաժ, անիմացիոն, ուսանողական և դեբյուտային: Ամեն անվանակարգում ժյուրին հանձնել է գլխավոր մրցանակ՝ ոսկե, արծաթե և բիոնզե «витязь» -ներ և դիպլոմներ:
Հիշեցնենք, որ 2015-ին «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել էր Գրան պրիի: Կինոնկարը 2015-ին մասնակցել էր նաև երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, արժանացել երկու մրցանակի՝ «Ֆիպրեսի մրցույթ» և «Էկումենիկ մրցույթ» անվանակարգերում:
«Մոսկվիչ, իմ սեր»-ը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ» են վաճառում:
Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը սերնդի պատմություն է, սերունդ որը մի օր արթնանում է և հասկանում, որ իր իմացածը ոչ մեկին այլևս պետք չէ. «Ֆիլմում սերդնի ողբերգության և դատապարտված լինելու խնդիր է դրված»: