Թուրքիայում հայկական եկեղեցում Ռամադանի ընթացքում իֆթարի ճաշ է մատուցվելու
Չանաքքալեյում (Դարդանել) գտնվող 17-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում իֆթարի (պահքի) ճաշ է մատուցվելու։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Milliyet» թերթի կայքը:
Միջոցառումը կազմակերպվել է Չանաքքալեի «Մարտ 18 համալսարանի» սուֆիական համայնքի կողմից, որին էլ այժմ պատկանում է եկեղեցին։
Համալսարանի սուֆիական համայնքի գիտական գծով խորհրդական, դասախոս Հալիթ Քուշքուն հայտնել է, որ ամբողջ Ռամադանի (սուրբ ամիս) ընթացքում եկեղեցում իֆթարի ճաշ են մատուցելու՝ այդ ընթացքում հյուրընկալելով շուրջ 10 հազար մարդու։ Անվճար ճաշի ժամանակ կներկայացվեն սուֆիական ավանդույթները և մշակույթը։
17-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին ժամանակին վերածվել է զինապահեստի, այնուհետև օգտագործվել որպես ազգագրության թանգարան, մշակությային կենտրոնի դասարան։ Եկեղեցու շենքը 3 տարի առաջ վերջնականորեն հատկացվել է վերոնշյալ համալսարանի սուֆիական համայնքին։