Նկարները շալակին գեղանկարիչների դարը
Հայաստանում նկարիչները գնահատված չեն: Մեզ մոտ մեկենասության ինստիտուտ չկա: Այն էլիտան, որ պետք է հովանավորի մեր մշակույթը, չկա,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ժորա Հայրապետյանը:
Նա նշեց, որ 19-րդ դարում Ռուսաստանում կային մարդիկ, ովքեր իրենց աջակցությամբ, հովանավորությամբ, ագրարային, հետամնաց Ռուսաստանի արվեստն այն մակարդակի հասցրեցին, որ այսօր եթե հանվի 19-րդ դարի ռուսական մշակույթը, դատարկ տեղ կառաջանա համաշխարհային մշակույթում:
«Այնտեղ մշակույթը նաև պետականորեն էր հովանավորվում: Ցարի կողմից բացվել էր գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորող լավագույն ուսանողները պետության հաշվին երեք տարի անպայման վերապատրաստվում էին եվրոպական ցանկացած երկրում: Ընդամենը 100 տարվա ընթացքում ռուսական մշակույթը դարձավ աշխարհի մշակույթի անբաժանելի մասը»,- նշեց արվեստագետը:
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում շատ տաղանդավոր նկարիչներ կան, բայց անտեսված են, արհամարհված, հուսահատված, շատերը թողել և հեռացել են երկրից:
«Ինչպես նշեցի, մեզ մոտ մեկենասության ինստիտուտ չկա: Հարուստները, ովքեր պետք է օժանդակեն մշակույթը, կրթվածության այն մակարդակի չեն, որ արվեստ ուզեն: Ռուսաստանում արվեստը հովանավորում էին այն մարդիկ, ովքեր արդեն մի քանի սերունդ հարուստ էին, ինչ պետք է ուտեին՝ կերել էին, կշտացել, արդեն արվեստ էին ուզում: Մեզ մոտ դեռ մի երեք սերունդ պետք է լինեն հարուստ, որ նրանց թոռները նոր սկսեն հետաքրքրվել արվեստով, գիտությամբ և հովանավորեն»,- ասաց Ժ. Հայրապետյանը:
Ըստ նրա, այսօր չկա արվեստի նկատմամբ պահանջարկ, բայց ինքն իր անկյունում նստած նկարում է, քանի որ նկարելու պահանջ ունի, իր հոգեկան բավարարվածության համար է նկարում. «Չեմ կարող չնկարել, բայց գիտեմ, որ դրա պահանջարկը չկա: Եթե մի փոքրիկ զգամ, որ պետք եմ, հոգեպես արծվի թևեր կստանամ ու կսկսեմ սավառնել արվեստի աշխարհում»:
Նկարիչը նշեց, որ արդեն հոգնել է ժամանակ առ ժամանակ նկարները շալակած Նկարիչների միություն տանելուց, որտեղ տաս օր կախված մնալուց հետո կրկին շալակած հետ է տանում:
Նա խուրհուրդ տվեց իր ուսանողներին չհուսահատվել, չընկճվել՝ «միգուցե մի տեղից արև կծագի»: