Ապրիլյան պատերազմի օրերին զորամասի խոհարարները յուրացրել են զինվորների պարենամթերքը. Մեղադրական
Հայաստանի Զինված ուժերի Սոտքի զորամասում ապրիլի 4-ին, երբ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը թեժ էր, զինվորների համար նախատեսված պարենամթերքի յուրացման դեպք է գրանցվել:
Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված մեղադրական եզրակացությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ նույն զորամասի խոհարար Մ. Զարոյանը հանցավոր համաձայնության գալով ճաշարանի խոհարար Օ. Ադամյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել են զգալի պարենամթերք:
Նրանց մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «վատնելը կամ յուրացնելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Այս արարքի համար ՔՕ-ն սահմանում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Այս գործով իրեղեն ապացույց են համարվում 14 կգ խոզի միսը, 9,2կգ արևածաղիկի ձեթը, 10 կգ վերմիշելը, 2կգ տոմատի մածուկը, 25 հատ ձուն:
Քրեական գործը հունիսի 10-ին ընդունվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթ: Առայժմ դատական նիստի օր նշանակված չէ:
Խոհարարների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: