Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իրականացվում են անվճար կրթական ծրագրեր
2015 թվականի օգոստոսից Վանաձորում ընթանում են տեխնոլոգիական կենտրոնի կառուցման աշխատանքները: Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամինն (EIF) է, իսկ ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են կենտրոնից, գրեթե մեկ տարի է` կենտրոնում իրականացվում են անվճար կրթական ծրագրեր` ելնելով Վանաձորում և տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի արագընթաց զարգացման համար շուկան որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունից: Մինչև տեխնոլոգիական կենտրոնի շենքի պատրաստ լինելը, ուսանողների կրթությունը կազմակերպվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մասնաշենքում:
2016 թվականի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել են 56 մասնագիտական դասընթացներ ուսանողների, շրջանավարտների, գործող մասնագետների, ինչպես նաև այլ ոլորտի մասնագետների վերավորակավորման համար:
Դասընթացները, որոնց մասնակցել են շուրջ 1000 անձինք, հետևյալ ուղղություններով են՝ վեբ և մոբայլ ծրագրավորում (Java, PHP, HTML, տվյալների բազա), համակարգչային ճարտարագիտություն (Lab View, տրամաբանական սինթեզ, թվային նախագծում, թվային փորձարկում, թվային ազդանշանի մշակում), ալգորիթմների տեսություն, C#, .net, C Fundamentall, Objective C, դիսկրետ մաթեմատիկա, գործարար անգլերեն և այլն:
«Կենտրոնում գործելու են տեխնոլոգիական ընկերություններ և ընկերությունների մասնաճյուղեր Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներից: Ներկա պահին ընթանում են նաև տեխնոլոգիական մի քանի ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերով թիրախային դասընթացներ՝ հաջողությամբ ավարտողների համար աշխատանքի անցնելու հնարավորությամբ: Այդ դասընթացների մասնակիցներն ընտրվել են ՎՏԿ ուսանողներից՝ ընկերությունների կողմից անցկացված գիտելիքների ստուգման և հարցազրույցների արդյունքում»,-նշում է ՎՏԿ բիզնեսի զարգացման խորհրդատու Պատվական Հախինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան