Վերաբացվեց գյուղատնտեսական տոնավաճառը
Վերաբացվեց Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Այն կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառի առաջին այցելուներից եղել են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Այս տարի էլ տոնավաճառ այցելած քաղաքացիները դժգոհում էին մրգի ու բանջարեղենի բարձր գներից: Ամեն դեպքում դատարկաձեռն չէին հեռանում:
Հիշեցնենք, որ Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
2015 թվականին Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 63, իսկ «Մալիբու» սրճարանին հարող տարածքում` 51 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:
Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ: