Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամները նախօրեին եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջը: Այս մասին տեղեկանում ենք «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:
Մրցույթի ժյուրիի անդամներից Մարկ Հիլդրյուն նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին բավականին տեղեկացված է: Հայ ժողովրդի պատմության այդ էջին ծանոթացել է հայ երաժիշտների հետ շփվելիս. «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես թե կրկնվում է. տեսեք, ինչ է կատարվում Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»:
Մրցույթի մասին խոսելով՝ Մարկ Հիլդրյուն նշել է, որ այն բարձր մակարդակով է ընթանում, մասնակիցներն էլ բարձրակարգ են:
«Բավականին դժվար էր 12 դիրիժորներից այդ չորս մասնակիցներին ընտրել, բայց կարծում եմ` նրանք արժանի են»,- ասել է Մ. Հիլդրյուն:
Հունիսի 10-ի երեկոյան Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կազմկոմիտեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպել էր Բրայան Լարջի ֆիլմի ցուցադրությունը, որտեղ օպերային երկու աստղեր Ռենե Ֆլեմինգն ու Դմիտրի Խվորոստովսկին ներկայացնում են Սանկտ Պետերբուրգի ողջ գեղեցկությունն ու հմայքը: Ֆիլմի հիմքում Չայկովսկու, Վերդիի, Բելլինիի և այլոց օպերաներից դրվագներ են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ հանդես եկող Էրմիտաժի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Մինչ ֆիլմի դիտումը մրցույթի ժյուրիի անդամները, մասնակիցներն ու հյուրերը ծանոթացել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։
Հիշեցնենք, որ Երևանում Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին: Պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենան հունիսի 14-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները
- Խաչատրյանական մրցույթը այս՝ դիրիժորական անվանակարգում բուռն է լինելու
- Միխալիս Իկոնոմու. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծարժեք իրադարձություն է աշխարհի երաժշտական հանրության համար