Ալեքսանդր Իսկանդարյան. Ապրիլյան իրադարձություններից հետո ռիսկերը ավելացել են
ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացումները կրելու են պարբերական բնույթ: Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ժամանակային առումով կանխատեսումներ անելը, իհարկե, դժվար է, բայց, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ առկա է գործընթացի զարգացման հստակ տրամաբանություն: Վերջին 8-9 տարիների ընթացքում գործընթացը զարգանում է շատ թե քիչ հասկանալի տարբերակով: Աստիճանաբար ավելացվում է լարվածության մակարդակը, ինչպես նաև սահմանին տեղի ունեցող գործողությունների, հրաձգության քանակը: Շատ դժվար է պատկերացնել, որ այս ամենը կարող է ուղղակի դադարել: Լարվածության յուրաքանչուր նոր փուլից հետո, նման սպասումները առավել ևս իրատեսական չեն»,- նշեց Ա. Իսկանդարյանը։
Քաղաքագետի կարծիքով, ապրիլյան իրադարձություններից հետո ռիսկերը ավելացել են:
«Իմ կարծիքով` այս սրացումները կանխելու քաղաքական լծակները այդքան էլ շատ չեն: Ես ուրախ կլիների սխալվել, սակայն կարծում եմ, որ դրանց պարբերաբար կրկնման հավանականությունը բավական մեծ է»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին՝քաղաքագետը, նշեց, որ հանդիպումը կատարել է իրեն վերապահված դերը:
«Դա քաղաքական ձևաչափի, Մինսկի գործընթացի վերակենդանացումն էր: Փաստն այն է, որ դա հանդիսանում է քաղաքական անվտանգության ձևաչափերից մեկը: Սակայն, ես կարծում եմ, որ բռնությունը դադարեցնելու համար այս գործընթացը բավարար չէ»,- շեշտեց Ա. Իսկանդարյանը։
Ինչ վերաբերում է համանախագահ երկրների` Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություններին, ապա քաղաքագետի կարծիքով, նրանք հստակ գիտակցում են կողմերից յուրաքանչյուրի շարժառիթներն ու նպատակները:
«Այստեղ խնդիրը ոչ թե գիտակցելու, այլ ազդեցության հնարավորության, իրավիճակի վրա ազդելու գործիքակազմի մեջ է: Տեսականորոն իրենք, իհարկե, մեծ տերություններ են, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են անել բառացորեն ամեն ինչ նման չափերի հիմնախնդրի պարագայում: Սակայն, պետք չէ մոռանալ, որ աշխարհում կա մոտ 50 նման կոնֆլիկտ: Աշխարհը հիմա ունի բազմաթիվ հրատապ խնդիրներ: Դրանք են Սիրիան, ԻՊ-ը, Քրդստանը, Դոնբասը այլն: Եվ ուղիղ միջամտել ԼՂ հիմնախնդրին այս պայմաններում ոչ ոքին ձեռնտու չէ: Իսկ քաղաքական լծակները դեռևս չեն բավարարում»,- ասաց Ա. Իսկանդարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին