Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետևել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում անդրադարձել է Երևանում պետական ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը: Զախարովային արձանի տեղադրման մասին հարցը տվել էին նախորդ ճեպազրույցի ժամանակ:
«Երևանում շաբաթ օրը բացվել է նացիստ Գարեգին Նժդեհի արձանը: Ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ-ն վերաբերում այդ փաստին՝ հաշվի առնելով հարևանների հետ մեր ընդհանուր պատմությունը»,-ըստ ՌԴ ԱԳՆ-ի հարցրել էր լրագրողը:
Զախարովան պատասխանել էր՝ ոչինչ ասել չի կարող, նման տեղեկատվություն չի տեսել:
Երեկ արդեն անդրադարձել է արձանի տեղադրմանը:
«Բոլորը գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև նացիզմի, ռասիզմի, ծայրահեղականության հերոսացման նկատմամբ: Այդ հարաբերությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»,-ասել է նա:
Նա նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության պահպանման վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշման հիմնական ցուցիչը Ռուսաստանի համար մայիսի 9-ի տոնին՝ ընդհանուր հաղթանակի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է: Նա նշել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի «Նացզիմի, նեոնացիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրա հետ կապված անհանդուրժողականության հերոսացման դեմ պայքարի» բանաձևի համահեղինակներից է:
«Բացի այդ, ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանում այդ բանաձևի ընդունման ժամանակ հենց Հայաստանի պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն այդ կարևոր նախաձեռնությանը: Հաշվի առնելով սա՝ մենք ընդունում ենք, որ հենց դա է պաշտոնական Երևանի ու հայ ժողովրդի դիրքորոշումը»,-շարունակել է Զախարովան:
Նա ավելացրել է՝ ինչպես նախկինում, քաղաքական որևէ կոնյուկտուրայի հետ չկապելով, իրենք պարբերաբար տալու են իրենց գնահատականը այն բաների մասին, որոնք անհամատեղելի են Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակի հետ:
«Կան բաներ, որոնք պետք է անփոփոխ մնան, դա է մեր հիմնական վերաբերմունքը»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ հնչած քննադատություններին, սակայն սլաքներն ուղղել է դեպի Ադրբեջան: Այնտեղ էլ «անհանգստացած» են Նժդեհի արձանով:
ՀՀ ԱԳՆ խոսնակը գրել է. «Հանարահայտ փաստ է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, Մետրոպոլիտենի կայարան կա, հուշարձաններ են տեղադրված՝ թուրքական զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի համար: Այն բանի համար, որ նա Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ պաշտպանել է բնակչությանը աշխարհի քարտեզի վրա նոր առաջացած Ադրբեջան պետության զինված խմբավորումներից, կազմակերպել է Հայաստանի տարածքների պաշտպանությունը, այդ թվում Զանգեզուրի:
Եվ, իհարկե, որևէ անհասկանալի բան չկա նրանում, թե ինչու Նժդեհի նոր հուշարձանի բացումը պատվերով հրապարակումների հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, ինչը Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ ոչ մեկ անգամ հնչեցրած պահանջների ուղղակի հետևանք է:
Բաքուն անբարոյական ու անպտուղ փորձեր է անում՝ ստվերելու ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա»:
ԱԳՆ խոսնակի գրառման ներքո օգտագետերերից մեկը հիշեցրել է, որ Նժդեհի արձանի տեղադրումը քննադատել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Երբ ոչ Պետրոսը, ոչ էլ մանավանդ Նժդեհը մեղավոր չեն այս անհաջողության մեջ
- Նարեկ Սարգսյանը ասել է, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին
- Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործ. Քննադատությունն ինձ չի վախեցնում
- Գարեգին Նժդեհ. Չբացված արձանն ու ցանցը հեղեղած կարծիքները
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան