Սիրիան թևակոխել է ռազմական գործողությունների հաջորդ փուլ. Սարգիս Գրիգորյան
«Սիրիան թևակոխել է ռազմական գործողությունների հաջորդ փուլ, ակտիվ, արդյունավետ գործողություններ են նկատվում՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ազատագրվում են նրա հսկողության տակ գտնվող տարածքները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ նրա, վերջին շրջանում նկատվում է քրդական խմբավորումների ակտիվ ներգրավածություն և արդյունավետ պայքար ԻՊ-ի դեմ:
Արաբագետի կարծիքով, այս պահին ԻՊ-ին արդյունավետ հարվածներ հասցնելու համար ռազմական գործողություններ պետք է իրականացվեն Սիրիայի հյուսիսային հատվածներում:
«Ինչո՞ւ: Նախ և առաջ կարևոր է հյուսիսում ահաբեչական խմբավորման դեմ ռազմական գործողություններն այն առումով, որ կտրվում է ԻՊ-ի կապը Թուրքիայի հետ սահմանից: Գաղտնիք չէ, որ այդ սահմանից են գալիս հիմնական մարդկային, ֆինանսական, ռազմական հոսքերն ՝ ի աջակցության «Իսլամական պետության»: Կտրելով այդ կապը՝ ԻՊ-ն կտրվում է այդ աջակցությունից»,- նշեց նա:
Ս. Գրիգորյանի խոսքով, Սիրիայում ԻՊ կողմից վերահսկվող տարածքները հիմնականում բնակավայրեր են, որոնք կենտրոնացած են հյուսիսում. «Զրկվելով այդ բնակավայրերից՝ վնաս է հասցվում ԻՊ-ին նաև այն առումով, որ կորցնում են այդտեղի բնակչության աջակցությունը, քաշվում են դեպի անապատ, որտեղ ավելի հեշտ կլինի ահաբեկիչների դեմ ծավալել ռազմական գործողություններ»:
Նա նշեց, որ այս պահին իրականցվում են ռազմական գործողություններ, բայց ոչ մեծ ծավալով: Ս. Գրիգորյանի դիտարկմամբ, ԻՊ-ն, հաշվի առնելով հյուսիսում ծավալվող այդ զարգացումները, ավելի շատ տարածքներ կկորցնի: