Դոնալդ Տուսկ. Brexit-ը կարող է կործանել Արևմուտքի քաղաքակրթական համակարգը
Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը Եվրամիությունից հղի է կործանարար հետևանքներով:
«Brexit»-ը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ոչ միայն ԵՄ-ի համար, այլև ամբողջ արևմուտքի քաղաքական արժեհամակարգի համար»,-«Deutsche Welle»- ի փոխանցմամբ հայտարարել է Տուսկը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում:
Տուսկի կարծիքով ՝ «Brexit»-ը (անգլերեն հապավում, որը խորհրդանշում է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) կակտիվացնի ԵՄ-ի ներսում գործող հակաեվրոպական բոլոր ուժերին:
«Ավելին, Բրիտանիայի դուրս գալու օրը մեր արտաքին թշնամիները շամպայն են խմելու, մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի ձախողենք նրանց խնջույքը»,-հայտարարել է Տուսկը:
«Անձամբ Մեծ Բրիտանիայի համար ԵՄ-ից դուրս գալը պարունակում է աշխարհաքաղաքական ու տնտեսական ռիսկեր: «Brexit»-ը վտանգավոր է, քանի որ ոչ մեկ չի կարող կանխատեսել դրա հետևանքները երկարաժամկետ հեռանկարում»,-հավելել է Տուսկը:
Համաձայն սոցիոլոգիական հարցումների, որոնց արդյունքները հունսիս 11-ին հրապարակել էր «The Sunday Times» պարբերականը, Բրիտանացիների 43 տոկոսը կողմ է քվեարկելու «Brexit»-ին, 42 տոկոսը դեմ, 11 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել, իսկ բրիտանացիների 4 տոկոսն էլ միտք չունի մասնակցել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին հանրաքվեին: