ՀՀ նախագահ. Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ և երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող և թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը:
Տասնամյակներ շարունակ համաժողովրդական մեծ սեր վայելող նրա կատարումները հիացրել ու ոգեշնչել են հայրենի հանդիսատեսին, հայ մնալու ուժ ու կորով հաղորդել սփյուռքի մեր հայրենակիցներին:
Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: