ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ
Հայաստանի Ազգային ժողովի դատին ներկայացված նոր «Հարկային օրենսգրքով» կառավարությունը չի առաջարկում ընդհանրապես հրաժարվել սահմանին հարկումից: Այդ մասին այսօր Ազգային ժողովում օրենսգրքի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
«Մենք չենք առաջարկում օրենսգրքով չկարգավորված հարցեր, և սահմանին հարկումը շարունակելու ենք իրականացնել: Նոր օրենսգրքով պահպանվելու են ներկայիս մոտեցումները»,-հավելեց Միրումյանը:
«Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր և թիվ 41 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանին անհանգստացրել է Հարկային նոր օրենսգիրքը ու նա մի քանի հարցեր տվեց նախագիծը ներկայացնող պաշտոնյային:
Միրումյանից նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ներկայացված նախագծով վերացվել կապարակնքման դեպքում տնտեսվարող սուբյեկտների բնականոն աշխատանքը չխոչընդոտելու պայմանը:
«Ինչո՞ւ շուրջ մեկ տարի քննարկումից հետո համընդհանուր հավանության արժանացած եկամտային հարկի 20 տոկոս դրույքաչափը անսպասելիորեն փոխվեց և սահմանվեց ավելի բարձր տոկոսադրույքով սանդղակ», -շարունակեց մտահոգող հարցերը Հակոբյանը:
Նրան հետաքրքրող մյուս հարցը Շրջանառության հարկի շեմի իջեցումն է՝ 115 մլն դրամից 40 մլն դրամ:
ՊԵԿ փոխնախագահը ի պատասխան, պատգամավորին վստահեցրեց, որ օրենսգրքի սկզբունքային հիմնական կետերից մեկն այն է, որ Հարկային օրենսդրության կիրառումը չի կարող խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունը:
Շրջանառության հարկի մասին հարցին պատասխանելիս Միրումյանը հիշեցրեց 2015 թվականին կատարված փոփոխությունը, երբ նրա խոսքով, երբ երկու անգամ բարձրացրեց շրջանառության հարկի շեմը:
Դա ըստ Միրումյանի «աննախադեպ քայլ» էր կառավարության կողմից ու ժամանակավոր էր՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Սակայն փաստերը ցույց տվեցին, որ մեր սպասումները չիրականացան. Մենք մտածում էինք, որ ավելի բարձր շեմը նշանակում էր, որ այն մեր մտավախությունը, որ շրջանառության հարկի շեմի բարձրացումը կհանգեցնի նրան, որ փոքր բիզնեսները կսկսեն հայտարարագրել իրենց շրջանառությունները, քանի որ շեմը այսօր ցածր է դրա համար չեն հայտարարգրում: Այդ երևույթը տեղի չունեցավ: Փոխարենը մենք ունեցանք իրավիճակ, երբ ԱԱՀ վճարողները հայտնվեցին շրջանառության հարկի դաշտում, արդեն իսկ անհավասար պայմաններ թելադրելով փոքրերին», -ասաց Միրումյանը:
Արձագանքելով ՊԵԿ փոխնախագահին, Հակոբ Հակոբյանը նկատեց, որ նման օրենք նախագծելիս եթե հաշվի չեն առնվում գործարարների հետ զրույցներում հնչած մտահոգությունները, գոնե այցելեն ձեռնարկություններ ու սեփական աչքերով տեսնել իրավիճակը:
«Եթե ձեր աչքերով տեսնեք, ավելի պատկերավոր կլինի, որ գոնե գործարարների մի մասը ճիշտ են ասում ու ավելի լավ օրենք կընդունվի: Քանի դեռ դա չկա, հավատացնում եմ ձեզ, որ այս օրենքը մեզ օգուտ չի տալու վնասից բացի: Ես ինքս դեմ չեմ քվեարկի այս օրենքին, բայց կողմ էլ չեմ քվեարկելու: Եթե երկու ամսվա ընթացքում կարողանաք շտկել որոշ բաներ, այդ դեպքում ես կողմ կքվեարկեմ կամ դեմ», -նշեց Հակոբյանը:
ԱԺ քառօրյա նախորդ նիստում Միրումյանը ներկայացնելով «Հարկային օրենսգրքի» նախագիծը ասել էր, որ նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինների աշխատակիցներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի փորձագետներ:
Հետևաբար խմբի համար, ըստ Միրումյանի, առանցքային է եղել, որ հարկային հարաբերությունները կանոնակարգող բոլոր հարցերի կարգավորումները սահմանվեն Հարկային օրենսգրքով: «Հարկային օրենսգրքի» նախագիծը բաղկացած է չորս հիմնական բաժնից` ընդհանուր մաս, հատուկ մաս, հարկային վարչարարության բաժին և անցումային մաս:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան