Միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդի՞ր է դրված, ի՞նչ է. Լևոն Զուրաբյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այս նախագծում ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն այն է, որ շեշտադրումը դրված է անուղղակի հարկերի վրա:
Նա նշեց, որ վիճելի են համարում այդ դրույթը, որտեղ խոսքը գնում է այն մասին, որ տնտեսական գործունեությունը հարկվի ոչ թե ըստ արդյունքների, այլ անկախ արդյունքներից:
«Դա շատ բացասական է, որևէ կերպ չի կարող նպաստել ոչ տնտեսության զարգացմանը, ոչ ներդրումների ներգրավմանը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Ի պատասխան Լ. Զուրաբյանի դիտարկումների, Պետական եկամուտների նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ՝ այո, շեշտադրումը կատարվել է անուղղակի հարկերի վրա, բայց անուղղակի հարկերից դա վերաբերում է ակցիզային հարկերին, ակցիզային հարկերի մասով է միայն առաջարկվում համապատասխան բարձրացում: Նա նաև նշեց, որ ակցիզային հարկերից խոսքը վերաբերում է միայն ծխախոտի և օղու արտադրանքներին:
«Ալկոհոլային մնացած ապրանքատեսակների մասով որևէ բարձրացում չի նախատեսում՝ հաշվի առնելով մեր երկրում գինեգործության, կոնյակագործության զարգացման ավանդույթները»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Լևոն Զուրաբյանի հաջորդ հարցը վերաբերում էր եկամտահարկի սանդղակները փոփելուն. «Մի քիչ անհասկանալի է՝ ինչ եք անում՝ միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդիր է դրված, ի՞նչ է: Բացի այդ՝ բարձր եկամուտների տեր մարդկանց վրա թուլացումներ եք դնում»:
Վ. Միրումյանն ասաց, որ միջին խավի և բարձր եկամուտներ ստացող անձնած եկամուտների հարկման 36 տոկոսը նվազեցված է 33 տոկոսի, բայց այն բազան, որի նկատմամբ հաշվարկվում է 36 տոկոսը այսօր 2 միլիոնն է, օրենսգրով առաջարկվում է իջեցնել 1 միլիոն:
«Երբ որ մենք հաշվարկենք, թե ինչ կարգի հարկեր են վճարվելու, կտեսնենք, որ աշխատավարձի հիմնական մակարդակում մենք հարաբերականորեն ավելի բարձր եկամուտներ ստացող անձանց բեռի թեթևացման չենք գնում»,- ասաց նա:
Միաժամանակ հավելեց, որ Հարկային օրենսգիրքը միջին խավի հարկման խնդիր առաջ չի քաշում:
«Վերաբաշխումը, որ իրականացվում է, հետևյալն է՝ պետությունն իր սոցիալական խնդիրները պրոգրեսիվության կարգով առաջարկում է լուծել հարաբերականորեն բարձր եկամուտներ ունեցող անձանց հաշվին: Այսինքն՝ գաղափարախոսությունը ոչ թե հարուստներից ավելի պակաս հարկելն է, կամ՝ միջին խավից ավելի շատ հարկելն է, այլ ընդամենը եկամուտների վերաբաշխում իրականացնելն է, որպեսզի հարուստը հարկվի ավելի շատ, ավելի ցածր եկամուտ ունեցողը՝ ավելի քիչ:
Այլ հարց է, որ 500 հազար դրամ աշխատավարձի պարագայում ֆիզիկական անձը վճարելու է 5000 դրամ ավելի շատ եկամտային հարկ, բայց դա իր հերթին նշանակում է, որ 5000 դրամ ավելի վճարելու պարագում երեք հոգի վարձու աշխատող՝ ով ստանում է 120 հազար դրամ, վճարելու է 1700 դրամ քիչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ
- Վարչապետը Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն է հրավիրել