Իրանում արձագանքել են ադրբեջանցի պատգամավորների և փորձագետների «հարձակումներին»
Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին հուշագրի ստորագրումից հետո ադրբեջանցի պատգամավորներն ու փորձագետներն Իրանի հասցեին քննադատական հայտարարություններ հնչեցրին՝ ակնհայտ միջամտելով երկրի ներքին գործերին,-նշված է իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Ըստ իրանական աղբյուրի՝ ադրբեջանցի փորձագետ Ղաբիլ Հոսեյնլին, անդրադառնալով իրանցի թյուրքալեզու ատրպատականցիներին, նշել է. «Մենք ցանկանում ենք Իրանի 35 միլիոն ազարիների մշակութային իրավունքն իրացնենք, այդ ոլորտում շատ խնդիրներ կան, դրանք պետք է աստիճանաբար լուծել»:
Իրանական աղբյուրի մեկնաբանը, արձագանքելով Հոսեյնլիի պնդմանը, նշում է. «Եթե Ադրբեջանը ցանկանում է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, ապա նախ և առաջ չպետք է իր քաղաքացիների միջև խտրականություն դնի՝ դրանց բաժանելով հյուսիսի և հարավի բնակչության: Ադրբեջանն այլ երկրի մասին խոսելիս լավ կանի պաշտպանի իր երկրում ապրող թալիշների, լեզգիների և թաթերի իրավունքները»:
«ԱՆԱՋ»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի փորձագետ Էլխան Շահինօղլուն համոզմունք է հայտնել, որ Իրանը, իսլամական համերաշխության գործոնը հաշվի առնելով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այլ կերպ պետք է արձագանքեր:
Իրանական աղբյուրի մեկնաբանը, արձագանքելով Շահինօղլուին, նշում է. «Վերջերս Իլհամ Ալիևը Գերմանիայում հայտարարեց, որ Ադրբեջանը զենք է գնում և՛ Ռուսաստանից, և՛ Թուրքիայից, և՛ Իրանից: Իրանը գիտի, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմում հարձակվող կողմ է, չնայած դրան, որ Ադրբեջանին զենք է վաճառում, իրականում և՛ Հայաստանին է դատապարտում, և՛ միևնույն ժամանակ օգնում Ադրբեջանին»:
Ըստ «ԱՆԱՋ»-ի՝ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Ղոդրաթ Հասանղուլիևն էլ հայտարարել է, թե Իրանը վախենում է, որ Ադրբեջանը, որպես աշխարհիկ պետություն, կարող է «Հարավային Ադրբեջանի» (Իրանի հյուսիսային նահանգները) 30 միլիոն ազարիների համար որպես օրինակ ծառայել:
Հոդվածագիրը, ադրբեջանցի պատգամավորի սույն հայտարարությունն անամոթություն որակելով, գրում է. «Ադրբեջանն այդ ի՞նչ արժանիքներ ունի, որ Իրանն էլ պետք է դրանց նախանձի, ինչի՞ն պետք է նախանձի, գիտական և տնտեսական առաջընթացի՞ն, կրոնական ազատությա՞նը:
Ավելի լավ է մտածեք ձեր երկրի քաղբանտարկյալների և դժվար կյանքով ապրող բնակչության մասին, որոնք ապրում են ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում, այլև Բաքվի շրջակայքում, որը դուք կարծում եք, թե շատ է զարգացել»: