ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
«Մենք հորդորել ենք, որ նրանք ավելի մանրամասն ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը՝ ով է Նժդեհը հայ ժողովրդի համար: Եվ չեմ ուզում բազում օրինակներ բերել, թե ինչու ասենք Ռուսաստանը որոշեց հերոսացնել Կոլչակին, մյուս-մյուսներին», -այսօր հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը:
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են Նժդեհի մասին նյութեր ուղարկել ռուս գործընկերներին:
«Մենք պատրաստել ենք նյութեր ու ուղարկելու ենք մեր ռուս առանձին գործընկերներին, որպեսզի նրանք ավելի մանրամասն ծանոթանան Նժդեհի կենսագրությանը ու հասկանան, թե Նժդեհի կարևորությունը ինչքան մեծ է եղել հայ ժողովրդի համար», -հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա անհնարին է համարել Դաշնակից Ռուսաստանից հնչած հայտարարությունների պատճառով Նժդեհի արձանը Երևանի կենտրոնից հեռացնելը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր. «Բոլորը գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև նացիզմի, ռասիզմի, ծայրահեղականության հերոսացման նկատմամբ: Այդ հարաբերությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան