Ֆիլհարմոնիկ նվագախումբը կմասնակցի Հռոմի պապի պատվին կազմակերպվող համերգին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունիսի 25-ին մասնակցելու է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի պատվին Հանրապետության հրապարակում կազմակերպվող համերգին: Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի պաշտոնական կայքից:
Համերգի առաջին մասում հնչելու է Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք, Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից Ադաջո, «Սպարտակի հաղթանակը, Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունները: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Միջոցառման երկրորդ մասում կայանալու է եկեղեցական արարողություն: Երրորդ մասում հնչելու է Կոմիտաս, Գեորգ Հենդել՝ «Հալլելույա« (նվագախմբի և երգչախմբի համար, դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Գարի Քյոսեյան՝ «Ավե Մարիա»: Որպես մեներգչուհի հանդես է գալու Հրաչուհի Բազենցը Գերմանիայից: Հնչելու է նաև Ջուզեպպե Վերդի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը (նվագախումբ), Լեոնորայի արիան «Pace, Pace mio Dio» «Ճակատագրի ուժը» օպերայից (նվագախումբ և մեներգչուհի՝ Հրաչուհի Բազենց), «Նաբուկո» օպերայից «Va Pensiero» նվագախմբի և երգչախմբի համար (Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախումբ), «Աիդա» օպերայից եզրափակիչ զուգերգ «La fatal pietra sovra me si chiuse» from»(մեներգիչներ՝ Տիգրան Օհանյան և Հրաչուհի Բազենց), Ռավել՝ Բոլերո (նվագախումբ), Խաչատրյան՝ «Սուսերով պար»-ը (նվագախումբ):
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան մեկնարկելու է հունիսի 24-ին: Հունիսի 25-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
«Սա թերևս Պապի այցելության ամենահանդիսավոր, ամենամարդաշատ արարողություններից մեկն է լինելու: Հանրապետության հրապարակում 50-60 հազար մարդ պետք է լինի: Այն ինչ որ իմաստով խաղաղության աղոթք է, Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում խաղաղության հաստատման կոչեր են հնչելու»,- ասել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ. Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան