Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհը վերանորոգվելու է վարկով
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Փաստաթղթով Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 51 մլն եվրո գումարի չափով վարկ: Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրով նախատեսվում է վերականգնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում և Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում: Շինարարությանը հատկացվել է 36 ամիս՝ 2017-2020 թվականները:
«Այս ծրագիրը բաժանված է երկու մասի: Այս վարկով ֆինանսավորվելու է ծրագրի առաջին մասը: Վերանորոգվելու է ամբողջությամբ 92 կմ ճանապարհ: Բացի ճանապարհը վերանորոգելուց, իրականացվելու են կարևոր ենթակառուցվածքների վերանորոգումներ»,- ֆինանսական պայմանագիրը ներկայացնելով՝ ասաց հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը՝ հավելելով, որ ճանապարհի 38 կմ հատվածն ամբողջությամբ է վերակառուցվելու, 62 կմ-ին կիրականացվի մասնակի վերանորոգման նաև հիմնանորոգման աշխատանքներ:
Նա նշեց, որ այդ հատվածում 3 թունել կա, որոնք կառուցվել են խորհրդային շրջանում, կառուցման իսկ պահից չեն համապատասխանել հիմնական ցուցիչներին, բեռնատար և մարդատար մեքենաների համար երթևեկելը շատ անհարմար է: Բացի այս, ըստ նրա, ճանապարհին կա դեռևս 20-րդ դարի կեսերին կառուցված 12 փոքր և մեծ կամուրջ, որոնք այս պահին սպառել են իրենց «ինչպես տեխնիկապես, այնպես էլ բարոյապես»:
Ա. Առաքելյանն ասաց, որ ծրագրով կհիմնանորոգվեն, կկառուցվեն նոր կամուրջներ, թունելները կլայնացվեն, բարձրությունը ևս կապահովվի, տեղ-տեղ կլինի երթևեկելի երեք գոտի՝ այժմյան երկուսի փոխարեն, ինչը հնարավորություն կա անվտանգ վազանց կատարել. «Այժմ ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Արդյունքում կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան ճանապարհ, 2-րդ, 3-րդ կարգի ճանապարհ»:
Տրանսպորտի փոխնախարարն ասաց, որ քարաթափման դեմ պայքարի նպատակով իրականացվելու են որոշակի միջոցառումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: